10 միլիոն դրամ՝ լիցենզիա ստանալու և մինչև 200.000 տոննա արտադրական կանեփ աճեցնելու համար
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Կառավարության հաստատմանն է ներկայացրել մի շարք նախագծեր, որոնցով հաստատվել են՝ ինչպես արտադրական կանեփի շրջանառության հատուկ կանոնները, այնպես էլ՝ արտադրությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու կարգը։
Եվ այսպես՝ ըստ Կառավարության ընդունած որոշման, արտադրական կանեփի շրջանառությունն իրականացվելու է արդյունաբերության մեջ դրա օգտագործման նպատակով և արգելվելու է արտադրական կանեփի բույսերի մշակվումը և վերամշակումն անձնական օգտագործման համար:
Արտադրական կանեփի մշակության և վերամշակման համար անհրաժեշտ են՝
փակ տարածքներ՝ ջերմատներ, սածիլանոցներ, տնկարաններ։
Կանեփի վերամշակման համար անհրաժեշտ է չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար սարքեր-սարքավորումներ։
Անհրաժեշտ է նաև փաթեթավորման սենյակ, պահեստ, լաբորատորիա։
Ավինյանի ներկայացրած նախագծերից մյուսով հաստատվել է կանեփի արտադրությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու կարգը։
Լիցենզիան տրամադրվելու է մինչև 10 տարի ժամկետով. այն տրամադրում է Առողջապահության նախարարությունը:
Արտադրական կանեփի արտադրությամբ կարող են զբաղվել միայն 18 տարեկանից բարձր իրավաբանական անձինք, որոնք պետք է ներկայացնեն թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ, ինչպես նաև թմրամոլությամբ չտառապելու մասին տեղեկանքներ։
Անհրաժեշտ է ներկայացնել նաև անձի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ՝ բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ինչպես նաև կանոնադրական կապիտալի չափի վերաբերյալ տեղեկություն, որտեղ կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չի կարող պակաս լինել 10 միլիոն ՀՀ դրամից։
Պետք է ներկայացնել նաև բիզնես ծրագիր, որը պետք է պարունակի եկամուտների և ծախսերի հաշվարկն առաջիկա երեք տարիների համար։
Արտադրական կանեփի արտադրության ոլորտում կառավարությունը սահմանել է քվոտավորման հետևյալ տեսակները. բոլորի համար տրված լիցեզիաների հանրագումարի արդյունքում չի կարող արտադրվել ավելի քան
200.000 տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված։
Արտադրվող յուղի չափը ևս չի կարող ավելի լինել 200.000 լիտրից։
Նկատենք, որ արտադրական կանեփին առնչվող բոլոր նախագծերը Կառավարության հաստատմանն է ներկայացնում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։