«Այսօր փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին եղել». Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ հայտնեց այս գիշեր սահմանում տեղի ունեցած միջադեպից․

«Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին, այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել։ 1 վիրավոր ունենք, ուսի շրջանում է վիրավորվել, վիրահատել են, նորմալ է ամեն ինչ»։

Անդրադառնալով ռուս սահմանապահների՝ Գեղարքունիքի մարզում տեղակայվելուն, Գնել Սանոսյանն ասաց, որ այս պահին նրանք դեռ տեղակայված չեն։

Իսկ հիշեցմանը, որ դեռ ամիսներ առաջ ասում էիք, թե սահմանապահների տեղակայումն օրերի հարց է, Գեղարքունիքի մարզպետն ասաց․

«Որոշակի պրոցես եղել է և կա, որովհետև նաև եղել են մեզ մոտ, որոշակի դիտարկումներ են արել, թե որտեղ կարող են տեղակայվել, նման աշխատանքներ են եղել, որից ես տեղյակ եմ եղել և ասել եմ, թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, չեմ կարող ասել»։

Հարցին՝ ի՞նչ վիճակ է Սոթքի հանքում, քանի որ նախորդ գիշեր սկսված կրակոցների ֆոնին աշխատակիցներին տարհանել էին, մարզպետը պատասխանեց․

«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված խնդիրները, աշխատակիցները դուրս են բերել նաև տեխնիկայի որոշ մաս։ Հանքն այս պահին չի աշխատում, բայց հանքը համագործակցում է  ԳՇ կորպուսի հետ, երևի երբ որ անվտանգության խնդիր չի լինի, նորից կշարունակեն աշխատել»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Տեսանյութեր

Լրահոս