3 միլիարդ 459 միլիոն դրամ՝ 500.000 դեղաչափ պատվաստանյութ ձեռք բերելու համար

Գործադիրն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 3,459,300.0 հազար դրամ հատկացնելու նախագծին։

Ըստ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի՝ Կառավարության որոշման նախագիծը միտված է կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարումն ապահովելու հանգամանքով:

«Ինչպես հայտնի է, Հայաստանը մասնակից է COVAX FACILTY-ին և դրա շրջանակներում ձեռք է բերում պատվաստանյութեր, սակայն այն հաշվարկված է մեր բնակչության 10-15%-ի համար։ Մնացած մեր թիրախային ցուցանիշներին հասնելու համար պատվաստանյութերը ձեռք են բերվում երկկողմանի համաձայնագրերի հիման վրա, և իհարկե, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հասանելի լինեն նաև նվիրատվությամբ տրվող պատվաստանյութերը ՀՀ-ին»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ այս որոշմամբ նախատեսվում է ձեռք բերել 500.000 դեղաչափ պատվաստանյութ՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների արտադրության․

«Ընդհանուր առմամբ ուղղվող միջոցները 3 միլիարդ 459 միլիոն դրամ են կազմելու»։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաև պատվաստումների ընթացքը։

«Արդեն 163.000 պատվաստում ենք իրականացրել, իհարկե, այս որոշման շրջանակներում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը ևս կխթանի, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ կերպով պատվաստվեն, ինչը կարևորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ունենալ ավելի շատ պատվաստված անձինք»,- ասաց Ավանեսյանը, ապա հավելեց, որ այս պահին նախապատրաստում են որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնեն կառավարության դատին։

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ պատվաստման գործընթացում Հայաստանն ակտիվ համագործակցում է հարևան Վրաստանի հետ։

«Մասնավորապես, Վրաստանի հետ մենք ունենք բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ՝ պատվաստումների փոխանակման առումով։ Ուզում եմ գոհունակությամբ նշել և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50.000 դոզա պատվաստանյութ նվիրել Հայաստանին․․․»,- ասաց նա՝ հավելելով, որ սա արվում է նաև պատվաստանյութերի ժամկետները պահպանելու համար, և, որ Հայաստանն էլ Վրաստանին է պատվաստանյութ նվիրելու։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս