«Մի փոքր հարցազրույց է եղել, հիմա ես գնում եմ գյուղ». Հակոբ Ավետյանը՝ իրեն ԱԱԾ կանչելու մասին
Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ: 168.am-ի հետ զրույցում Ավետյանը հաստատեց, որ եղել է ԱԱԾ-ում, սակայն մանրամասներ չհայտնեց:
«Չեմ ուզում հեռախոսով նման բաներ խոսել, բայց ամեն ինչ նորմալ է ինձ հետ, ոչ մի բան չկա: Մի փոքր հարցազրույց է եղել և ազատ են արձակել»,- ասաց նա:
Մեր ճշտող հարցին, թե ԱԱԾ կանչելու պատճառը սահմանի այսօրվա լարվածությո՞ւնն էր, Գեղամասար համայնքի ղեկավարը պատասխանեց.
«Տարբեր հարցեր էին տալիս, բայց նորմալ է արդեն, ոչ մի լուրջ բան չի եղել, մի փոքր հարցազրույց ու վերջ: Հիմա ես գնում եմ գյուղ: Մանրամասների մասին չեմ ցանկանա հեռախոսով խոսել, բայց լուրջ բան չկա, ամեն բան նորմալ է ինձ հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի են ունեցել մարտական գործողություններ, որոնք հրահրել է Ադրբեջանը: Վաղ առավոտյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։