
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը գլխից վիրավորում ունի, ծառայում է Սոթքում». Գնել Սանոսյան

Այսօր գիշերվանից ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում ունենք 4 վիրավոր: 168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց, որ նրանք ժամկետային զինծառայողներ են:
«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում, ժամկետային զինծառայողներ են, թե ծնունդով որտեղի՞ց են` այս պահին չեմ կարող ասել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը գլխից վիրավորում ունի, ծառայում է Սոթքում: Բոլոր վիրավորներին տեղափոխել են Երևան»:
Սանոսյանը նաև նշեց, որ ժամը 10:40-ից հրադադար է:
«Կրակոցներ չկան, հանգիստ է»:
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ունենք 3 զոհ, 4 վիրավոր: Վիրավորներից մեկն ավելի վաղ համարվում էր անհետ կորած, սակայն գտնվել է, եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։ Ծայրահեղ ծանր է գնահատվում հենց նրա վիճակը: