Պատվաստված մարդկանց միջև կխաղարկվեն թատրոնի, Օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան
«Կորոնավիրուսի թվերի աճ ունենք, բայց այն կտրուկ չէ, աստիճանական է». այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում կորոնավիճակին, ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ աշնան առաջին կեսին կանխատեսվում է վարակի նոր ալիք: Անդրադառնալով կորոնավիրուսի՝ աշխարհում լայն տարածում գտած հնդկական «դելտա» շտամին, Ավանեսյանը ներկայացրեց.
«Այս պահին սեկվենավորած օրինակ, նմուշ «դելտա» շտամի մենք դեռ չունենք, բայց միանշանակ, իհարկե, Հայաստանում էլ շրջանառվում է, որովհետև մենք ունենք բաց օդային սահմաններ և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ և հայտնաբերված է այս շտամը, եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում»:
Ավանեսյանի պնդմամբ՝ առողջապահական համակարգը դեռ լարված աշխատում է՝ սպասարկելու համար կորոնավիրուսով հիվանդներին:
«Իհարկե, ամեն ինչ անելու ենք և՛ մեր տեղեկատվական արշավի, և՛ պրոցեսներն ավելի դյուրին դարձնելու անընդհատյա աշխատանքով, որ մեր բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի, և մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք»,- ասաց Ավանեսյանը և ավելացրեց, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն հաղթահարել են 50 տոկոսի շեմը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը լրագրողի հարցին ի պատասխան՝ պատմեց, որ ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ քննարկել են, թե ի՞նչ միացյալ ջանքեր պետք է գործադրեն, որ Հայաստանը ձեռք բերի կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը: Աֆեյանն այդ դեղագործական ընկերության համահիմնադիրներից է: Ավանեսյանը նաև հայտնեց, որ նոր գործիքակազմ են մտածել՝ ինչպե՞ս շահագրգռել մարդկանց, որ պատվաստվեն: Ռուսաստանում, օրինակ, պատվաստվողների միջև մեքենաներ են խաղարկում:
«Ուշադրությունն ավելի դեպի մշակույթն ենք ուղղել, շուտով պատվաստվողները պետք է վիճակահանությամբ ունենան թատրոնների, Օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: Կարծում ենք, որ հանրային տեղեկացվածությունը բարձրացնելու համար պետք են խրախուսական այսպիսի միջոցառումներ»,- ասաց Ավանեսյանը:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ պատվաստումը պարտադիր դառնա, Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ասաց, որ ոչ, սակայն առաջիկայում որոշակի սահմանափակումներ կսահմանվեն չպատվաստված մարդկանց համար:
«Մշակում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որը օգոստոսի երկրորդ կեսին հանրությանը կներկայացվի, հիմա շրջանառության փուլում է: Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, մենք տեսնում ենք, թե ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում երկրները, երբ համավարակը դուրս է գալիս վերահսկողությունից»,- ասաց Ավանեսյանը: