Ի՞նչ եղավ հայրենադարձության «բումը». հարց Զարեհ Սինանյանին
Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին՝ իրենց իշխանության գալուց հետո եղա՞վ խոստացված հայրենադարձության «բումը», քանի՞ մարդ եկավ Հայաստան և հիմնավորվեց:
«Անհնար է նման տվյալ ներկայացնել՝ հաշվի առնելով մեր այսօրվա հնարավորությունները, բայց, իհարկե, 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: «Բում» ասելով՝ կարող ենք տարբեր բաներ հասկանալ, «բում»-ը կարող է տարբեր ստանդարտ լինել տարբեր մարդկանց համար, իհարկե և՛ կովիդը, և՛ պատերազմը խոչընդոտել են այդ «բում»-ի շարունակականությանը»:
Կոնկրետ թվեր Սինանյանը չնշեց:
Լրագրողները նաև խնդրեցին մեկնաբանել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա կոչ է անում «արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց, որ դա ասվել է նոր աշխատատեղերի ավելացման կոնտեքստում, որ արտերկրում աշխատող մեր հայրենակիցները գան և լրացնեն այդ թափուր աշխատատեղերը: