Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությունը 2 միլիարդ 786 միլիոնի մեկ անձից գնում է կատարել ընտրություններից հետո

Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հերթական խոշորամասշտաբ մեկ անձից գնումն է կատարել։

Այս անգամ պետական բյուջեից այդ գնման համար հատկացվել է 2 միլիարդ 786  միլիոն դրամ։

Արտահերթ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ասֆալտի, թափանցիկ գործունեության, հարկատուի վճարած ամեն մի դրամ հարկի ծախսն այդ հարկատուին ներկայացնելու մասին պատմող Պապիկյանի ղեկավարած նախարարությունը մեկ անձից գնումը կատարել էր ճանապարհների շինարարական աշխատանքներով  զբաղվող «Ոսմար» ՍՊԸ-ից, որը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Ուշագրավ է, որ ընկերության հետ գնման պայմանագիրը կնքվել է արտահերթ ընտրություններից  հետո՝ հուլիսի 15-ին։

Այս ընկերության հետ 2 միլիարդ 786 միլիոն դրամի պայմանագիրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է համաձայն Գնումների մասին օրենքի  23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, որը նախատեսում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Թե ինչո՞ւ է նախարարությունը որոշել  ճանապարհաշինարարական աշխատանքները վստահել հենց այս ընկերությանը, ինչո՞վ է այն բացառիկ կամ հատուկ, կնքված պայմանագրի մեջ որևէ տողով  նշված չէ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նաև չի հիմնավորել, թե ինչո՞ւ ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու համար նախապես մրցույթ չի հայտարարել, ինչո՞ւ է զրկել տասնյակ ընկերությունների մրցույթի մասնակցելու, ցածր գին և բարձր որակ առաջարկելու հնարավորությունից և միանգամից պայմանագիր է կնքել «Ոսմար» ՍՊԸ-ի հետ։

Ավելին՝ ոչ միայն առանց մրցույթ հայտարարելու 2 միլիարդ 786 միլիոն դրամի պայմանագիր է կնքել, այլ նաև տվյալ ընկերությանը 557 միլիոն դրամի կանխավճար է տվել։

Տեսանյութեր

Լրահոս