Որոտանցիներին ահաբեկելու տեսանյութի և Օձունի գյուղապետին ծեծի ենթարկելու գործի դժգույն ճակատագիրը
Հուլիսի 11-ին լրատվամիջոցներում տարածվեց «Զանգեզուր TV»-ի պատրաստած տեսանյութն այն մասին, որ ոստիկաններն ահաբեկում են Սյունիքի մարզի Որոտան համայնքի բնակիչներին՝ նրանց ստիպելով ցուցմունքներ տալ իրենց համայնքապետ Սուրեն Օհանջանյանի և Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ:
Բնակիչները պնդում են, որ իրավապահները նրանց ստիպել են ցուցմունք տալ առ այն, որ կաշառք են ստացել համայնքապետերից հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին ձայն տալու համար:
Որոտանցիները տարակուսած, միմյանց հերթ չտալով՝ պատմում էին, որ իրենց ստացածն օգնություն է, որ այդ օգնությունը ստացել են բանկից և ընտրություններից ամիսներ առաջ, և դա առաջին անգամը չի եղել: Իրենք պարբերաբար օգնություն են ստացել համայնքների ղեկավարներից:
«Ես երեխաներիս արև եմ երդվում, համայնքի ղեկավարն ինձ չի ասել՝ սրան ընտրի կամ նրան ընտրի: Բայց ոստիկաններն ինձ ասում էին՝ պիտի ասես, որ փող ա տվել, որ Քոչարյանին ընտրես: Կնոջս էլ են վախեցրել, առանձին 5-6 ժամ քննել են: Բոլոր կանանց տարել են: Ստիպում են մեր գյուղապետի վրա սխալ ցուցմունք տալ»,- ասաց որոտանցիներից մեկը:
Վերջինիս կինն էլ նշեց, որ իրեն ահաբեկել են, ասել են՝ եթե չասես, կդատվես: Մնացած գյուղացիների խոսքը չէր տարբերվում իրենց համագյուղացիների պատմածից:
Հուլիսի 11-ից անցել է ուղիղ 10 օր, սակայն մինչև հիմա գլխավոր դատախազությունը որևէ տառ չի գրել այն մասին, որ որևէ գործընթաց է սկսվել նշված տեսանյութի առնչությամբ:
Այն նույն դատախազությունը, որն անմիջապես պրոցես սկսեց, երբ տելեգրամյան ալիքներից մեկով տարածվեց պրոֆեսոր Չարչյանի առնչությամբ մոնտաժված տեսանյութը, ով իրար հետևից կալանավորեց Սյունիքի բոլոր համայնքապետերին, և ում մոտ որևէ հարց չառաջացավ, թե այդ ինչպես ստացվեց, որ բոլորը միանգամից, միաժամանակ «հանցանք» կատարեցին հանկարծ, այն դատախազությունը, որը վախենում է քրեական գործ հարուցել կամ արդեն հարուցված քրեական գործը լրացնել պատանդառության հանցակազմով այն բանից հետո, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի նախագահի կնոջ զրույցը Բաքվում՝ որպես պատանդ պահվող մեր տղաների առնչությամբ, 10 օր անց որևէ դիրքորոշում չի հայտնել նշված տեսանյութի առնչությամբ:
168.am-ն այս հարցն ուղղեց գլխավոր դատախազությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից են գրություն ստացել Որոտանի տեսանյութի առնչությամբ, որին ՄԻՊ-ը կցել է նաև տեսանյութը, գրությունը հասցեագրել են Քննչական կոմիտեին, որտեղ արդեն հարուցված մեկ այլ գործի շրջանակում ստուգվում են նաև տեսանյութում եղած տեղեկությունները:
Քննչական կոմիտեից էլ խոստացան ճշտել ու հարցի առնչությամբ տեղեկություններ տրամադրել մեզ:
«Գործը գտնվում է նախաքննության ակտիվ փուլում, բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել»,- սա էր ՔԿ պատասխանը: Այլ մանրամասներ չհաղորդվեցին:
Ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց կհաղորդվի քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ավելի ճիշտ՝ չի հաղորդվի, այլ ի պատասխան ԶԼՄ-ների համառ հարցապնդումների՝ կտրվի այդ պատասխանը, որովհետև իշխանություններին առնչվող գործերը, նրանց մեղսագրվող արարքները սովորաբար իրավական հետևանքներ չեն ունենում:
Հիշեցնենք նաև, որ նույն կերպ տեղում դոփում է նաև Օձունի գյուղապետի գործը, ում ցուցմունքով Լոռու մարզպետարանում մարզպետն իրենից պահանջել է հրաժարականի դիմում գրել, և երբ ինքը հրաժարվել է, մարզպետարանի միջանցքում իրեն ծեծի են ենթարկել 6 հոգի՝ մարզպետի գլխավորությամբ:
168.am–ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)-ից ասացին նույնը, ինչ դեպքին հաջորդող օրերին, ապա ավելի ուշ՝ որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել, Օձունի գյուղապետը ճանաչվել է տուժող:
Ինչպես հասկանում եք, այս գործն էլ կունենա նույն ճակատագիրը, ինչ բազմաթիվ նման գործեր: Չի բացառվում, որ վերջում կհայտարարեն, որ Օձունի համայնքապետը ինքնածեծվել է, իսկ որոտանցիների պատմածներն էլ իրենց վառ երևակայության արդյունքն է: