«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի մանդատները. Սոս Հակոբյան

Օգոստոսի 2-ին տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: 168.am-ը  «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Սոս Հակոբյանից հետաքրքրվեց՝ դաշինքն արդեն ունի՞ որոշում՝ գնո՞ւմ են խորհրդարան, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ նա ասաց, որ այսօր արդեն կա որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ, «Պատիվ ունեմ» դաշինքը գնալու է խորհրդարան: Ինքնաբացարկի դիմումներ այս պահին չկան։

«Մենք ասել ենք, որ մանդատները չվերցնելը, չհաշված մի քանի օրվա մեդիաշոկը, որ կլիներ, առաջացնելու էր, ցավոք սրտի, զրո իրավական և քաղաքական հետևանք: Մենք գտնում ենք, որ պառլամենտական լիազորությունները ևս մեկ գործիք են լինելու դաշինքի զինանոցում առաջինն այս պատուհասների մերկությունն ի ցույց դնելու համար, իրենց պետականակործան քայլերը կանխելու, խանգարելու համար, և ինչո՞ւ ոչ, նաև պառլամենտական դիվանագիտության շնորհիվ ՀՀ շահերը սպասարկելու համար: Բացի այդ, պետք է հստակ գիտակցել, որ մենք խնդիր ունենք մտնել յուրաքանչյուր քաղաքացու տուն՝ գյուղում թե քաղաքում, ունենալ խոսակցություն, փորձել բացահայտել ճշմարտությունը:

Դրա համար նույնպես անհրաժեշտ են պառլամենտական գործիքները: Եվս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում՝ փողոցային պայքարի միջոցով, երբ լինի դրա պատեհ ժամանակը, շարունակելու է պայքարել Հայաստանի կոկորդին կանգնած իշխանությունների հեռացման և երկրում կայունություն հաստատելու համար: Մենք գտնում ենք, որ Հայաստանն այս վիճակից հանելու և որևէ դրական տեսլական ունենալու համար անհրաժեշտություն է, առաջնահերթություն է այս իշխանությունների հեռացումը»,- ասաց Սոս Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս