«Դատախազությունը ՍԴ-ում ասում էր, որ քաղաքական գործիչը պետք է ունենա մտքի ճկունություն». Արամ Վարդևանյան
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործը. նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Մեղադրանքի հիմքում է Մանուկյանի այն հայտարարությունը, որ «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:
Մինչև դատական նիստին ներկայանալը լրագրողներից մեկը Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ուներ, արդյո՞ք դա ապստամբության կոչ չէր, սակայն նա չմեկնաբանեց՝ ասելով, որ դատական նիստի ժամանակ էլ չի մեկնաբանելու:
ՀՀ նախկին վարչապետի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ, անդրադառնալով այդ հարցին, առաջարկեց Մանուկյանի հայտարարությունը համեմատել Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթների հետ՝ հեգնելով, որ վստահ է, թե այս երկու դեպքը Դատախազությունը նույն կերպ կմեկնաբանի:
«Խնդրում եմ հաջորդ անգամ հարցը ձևակերպելուց օգտագործել բոլոր այն եզրույթները, որոնք օգտագործվել են հունիսի 7-16-ն ընկած ժամանակահատվածում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, նաև խնդրում եմ՝ եկեք կատարենք մի համեմատական վարժություն:
Եթե պարոն Մանուկյանն իր հայտարարություններն անելուց իր ձեռքին ունենար մուրճ, և անպայման խոսքի ամբողջ կոնտեքստում նաև նշեր, որ այդ մուրճը ՀՀ անվտանգության վերականգնման, կապիտուլյացիոն փաստաթղթից հրաժարվելու սիմվոլն է, և այդ մուրճը պետք է ջարդվի բոլոր նրանց գլխին, ովքեր առնչություն ունեն կապիտուլյացիոն փաստաթղթի հետ: Կարող եք այդ վարժության շրջանակներում տեսնել Դատախազության արձագանքը ՍԴ-ում, և կարծում եմ, դրանից հետո, հաշվի առնելով, որ ՀՀ դատախազությունը «որևէ երկակի ստանդարտ չընդունող մարմին է», համոզված եմ, որ այդ նույն տրամաբանությունն իրենք կիրառելու են նաև Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործին, որովհետև իրենք ՍԴ-ում ասում էին, որ եթե անձը քաղաքական գործիչ է, իր հայտարարություններում պետք է ունենա չափազանց մեծ ճկունություն, ընդհուպ մինչև «գլուխներին ջարդելը», դա «գլուխներին ջարդելը» չէ, հետևաբար, կարծում եմ, որ Դատախազությունը նույն վարքագիծն է դրսևորելու»,- ասաց Վարդևանյանը: