«Չկա՛ մի անօրինական կառույց, որի նկատմամբ գործողություն կատարած չլինենք»․ Վանաձորի քաղաքապետ
Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որն այդ պաշտոնից ազատվեց արցախյան վերջին պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Երևանում ապամոնտաժվող ապօրինի շինությունների տեսանյութը և կից գրառում է կատարել՝ նշելով, թե Վանաձորում հակադարձ պատկերն է․
«Պատասխանատու անձանց անմիջական մասնակցությամբ և թողտվությամբ օրեցօր ավելանում են «բուդկաների» և անճաշակ կառույցների քանակը մայթերին և այլ` հանրությանը պատկանող տարածքներում: Առանց այն էլ քաղաքի աղճատված դիմագիծն ավելի է այլանդակվում և քաղաքը վերածվում է ասիական հետամնաց բնակավայրի: «Լավ տղայի» կերպարով պաշտոնյաները չարիք են մեր քաղաքի համար»։
168.am-ը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքում կա՞ն ապօրինի շինություններ․
«Գրառումը չեմ էլ տեսել, ամեն դեպքում մեզ մոտ որևէ նման կառույց չկա, որ անօրինական լինի ու մնացած լինի, որը օրինական է, բնականաբար, նրանց նկատմամբ որևէ գործողություն չի կատարվում։ Չկա՛ մի անօրինական կառույց, որի նկատմամբ մենք գործողություն կատարած չլինենք՝ տուգանք և այլ ներգործության միջոցներ, որը քանդելու է՝ քանդել և ապամոնտաժել»։
Ինչ վերաբերում է նախկին մարզպետի գրառման՝ «լավ տղայի» կերպարով պաշտոնյաները չարիք են մեր քաղաքի համար» հատվածին, Մամիկոն Ասլանյանն ասաց․
«Ամեն ֆեյսբուքյան օգտատիրոջ հո՞ չեմ դնելու՝ մեկնաբանեմ․․․»։