«ՊՆ-ից ասացին՝ 5 միլիոնը չեն փոխանցելու, որովհետև որդիս զոհվել է․ բյուջեում փող չկա»․ զոհվածի մայրն ահազանգում է
Արցախյան վերջին պատերազմում 2 որդիներին՝ Ռոբերտին և Արտյոմին կորցրած Նարինե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մեծ որդին՝ Ռոբերտը, 2018 թվականի հունվարին էր զորակոչվել, և քանի որ վարձով էին ապրում, տղան հատուկ ընտրել էր «Ես եմ» ծրագիրը։ Ճիշտ է՝ 2 տարվա փոխարեն՝ 3 տարի պետք է ծառայեր, բայց զորացրվելուց հետո պետությունը 5 միլիոն դրամ էր հատկացնելու, որոշել էր հիպոթեքով բնակարան գնել։
Ռոբերտի զորացրվելուն մնացել էր ընդամենը 3 ամիս, երբ նա մարտի դաշտում զոհվեց։
Պաշտպանության նախարարությունը զոհված եղբայրների համար հատկացված գումարը (յուրաքանչյուրին՝ 10 միլիոն դրամ) փոխանցել էր ընտանիքին, բայց Ռոբերտի «Ես եմ» ծրագրով որպես պարտավորություն նախատեսված 5 միլիոն դրամը՝ ոչ։
«Ինձ նույնիսկ նախարարությունից նամակ է եկել, որ չեն փոխանցելու, որովհետև զոհվել է, եթե զոհվել է, չի հասնում, բայց ես իրենց միջի աշխատողից իմացել եմ, որ հասնում է այդ փողը․․․ Ես նախարարին գրել եմ, որ փոքր՝ 5 տարեկան երեխուս հետ, վարձով եմ ապրում, բայց նախարարին չի էլ հասնում նամակը, ինձ միջի աշխատող է պատասխանել, որ նամակը նախարարին չի հասել ու վե՛րջ․․․ Ասում են՝ ձեր տղաների՝ Ռոբերտի և Արտյոմի զոհվելու 10 միլիոն դրամներն ուղարկել ենք․ բայց դա այդ 5 միլիոնի հետ բացարձակ կապ չունի։ Պաշտպանության նախարարությունում ասել եմ՝ այդ պայմանագրի մեջ ցույց տվեք մի կետ, որ, եթե զինծառայողը զոհվում է, գումարը չի հասնում, ասում են՝ այդպիսի կետ չկա․․․ Ասացին, եթե որոշենք, որ զոհվածներին պետք է տանք, դուք կստանաք անպայման, գնացեք տուն, բյուջեում փող չկա։ Այդպիսի պատասխան են տվել»։
Տիկին Նարինեն Պաշտպանության նախարարությունից դրական պատասխան չստանալուց հետո, հուսահատված՝ 2 օր առաջ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, 10 օր առաջ էլ կառավարություն է նամակ ուղարկել․
«Փաշինյանին դիմել եմ, բայց ասել են՝ մի ամսից նոր պատասխանը կգա, ասել եմ, որ գումարը չեն տալիս․․․ Իմ որդին բնակարան գնելու նպատակով էր ընտրել 3 տարով ծառայությունը, էդ նպատակով էր գնացել, թե չէ 2020 թվականի հունվարին կզորացրվեր․․․։ Հիմա իրենք պատճառաբանում են, որ տղաներիս զոհվելու համար 10–ական միլիոն դրամ են տվել, բայց այդ 10 միլիոնները 2 մասի է կիսվել, քանի որ ես ամուսնալուծված եմ, մի մասը ես եմ ստացել, մյուս մասը՝ տղաներիս պապան․․․»։
Նարինե Գրիգորյանը ասում է, որ որդիների զոհվելու համար ստացած 5+5 միլիոնը հենց այնպես չի ծախսել, հանրակացարանում բնակարան է գնել․
«Այդ գումարով այլ տեղ հնարավոր չէր բնակարան գնել, բայց գոնե Ռոբերտիս հասանելիք 5 միլիոնն էլ տան, վերանորոգումն անեմ․․․»։
Որդեկորույս մայրը 168.am-ին տրամադրեց նաև Պաշտպանության նախարարությունից ստացած իր դիմումի պատասխանի օրինակը, որտեղ մասնավորապես նշված է․
«Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2018թ․ ապրիլի 12-ի թիվ 456-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքած «Ես եմ» ծրագրի շարքային կազմի պարտադիր զինծառայողների պատվովճարը հաշվարկվում է զինվորական ծառայության ժամկետը լրանալու և կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու դեպքում։ Տվյալ դեպքում Ձեր որդու զոհվելու հիմքով ՀՀ գործող օրենսդրական կարգավորումների համաձայն պատվովճարի հաշվարկման հնարավորություններ առկա չեն»։
168.am-ը դեռ ամիսներ առաջ էր անդրադարձել մարտի դաշտում զոհված եղբայրներին՝ Ռոբերտին և Արտյոմին։