Մենք պետական բյուջեում այդքան գումար ունե՞նք, որ ձեռք բերենք պատվաստանյութ և պատվաստենք օտարերկրյա քաղաքացիներին. hարց Անահիտ Ավանեսյանին

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվն անցել է 110 հազարը: Անզեն աչքով նկատելի է, որ մեր երկրում շատ են պատվաստվում նաև օտարերկրյա քաղաքացիներ, օրինակ՝ իրանցիներ կամ հնդիկներ: Լրագրողներից մեկի հարցին, թե մենք պետական բյուջեում այդքան գումար ունե՞նք, որ ձեռք բերենք պատվաստանյութ և դրանով պատվաստենք օտարերկրյա քաղաքացիներին այն  պարագայում, երբ Հայաստանի քաղաքացիներն այլ երկրներում ամեն ինչից օգտվում են վճարովի հիմունքներով, Ավանեսյանը պատասխանեց.

«Մեր նպատակը և՛ քովիդի բուժման ժամանակ, և՛ դրանից հետո՝ պատվաստումը հասանելի դարձնել Հայաստանում գտնվող քաղաքացիների համար՝ կրել է մարդասիրական և զուտ հակահամաճարակային հստակ նպատակ, ինչո՞ւ, որովհետև քովիդը չի ճանաչում ո՛չ քաղաքացիություն, ո՛չ կարգավիճակ, ո՛չ տարիք, և Հայաստանում լինելով՝ անձինք եթե հիվանդացել են քովիդով, ապա նաև բուժվել են, որովհետև հանրային վտանգ են ներկայացնում, և պետությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի վարակի տարածումը կանխելու համար»:

Լրագրողի նկատառմանը, որ մեր բյուջեն անվերջ չէ, և մենք չենք կարող պատվաստել Իրանի բոլոր քաղաքացիներին կամ բոլոր հնդիկներին, որոնք գալիս են Հայաստան, Ավանեսյանն արձագանքեց.

«Տեսնելով, որ պատվաստման այսպիսի մեծ հետաքրքրություն է առաջացել, Կառավարությունը նժարի վրա պետք է դնի, թե արդյո՞ք մի փոքր վճարը պատվաստման դիմաց և այն, որ օտարերկրյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում են Հայաստանը, ծախսում են գումարներ Հայաստանում, և Հայաստանի վարկանիշն այս ընթացքում ինչպես է բարձրանում, կարծում ենք՝ խելամիտ որոշում կկայացնի, և արդյունքը բոլորիդ հայտնի կլինի, եթե հոսքերն այնպես մեծանան, որ իսկապես չկարողանանք կառավարել»:

Իսկ որքա՞ն զբոսաշրջիկ կարող է պատվաստել Հայաստանը:

«Չեմ կարող պատասխանել այդ հարցին, կախված կլինի նրանից, թե ինչքան կունենանք պատվաստանյութ, դրանից կախված՝ սահմանափակումները կբացվեն, կփակվեն, և շատ ճկուն կերպով մենք պետք է կառավարենք նաև մեր մնացորդները, որ մեր քաղաքացիները որևէ պահի չունենան պակաս պատվաստանյութերի»,- ասաց Առողջապահության նախարարի պաշտոնատակարը:

Նշենք, որ այսօրվանից նոր կարգ է սահմանվել պատվաստվող զբոսաշրջիկների համար, համաձայն որի, եթե օտարերկրյա քաղաքացին ցանկանում է պատվաստվել, ապա պետք է գտնվի Հայաստանում առնվազն 10 օր և կարող է պատվաստվել միայն AstraZeneca-ով: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս նախապայմանները կարող են հանվել այն  պահին, երբ մենք կունենանք պատվաստանյութերի նոր մատակարարումներ: Լրագրողներից մեկի հարցին, թե անվճար պատվաստելն արդյո՞ք պետական քաղաքականություն է՝ առողջապահական տուրիզմը խթանելու համար, և արդյո՞ք առողջապահական տուրիզմ ասելով՝ հասկանում են Հյուսիսային պողոտան «անօթևանների ճամբարատեղիի» վերածելը, Ավանեսյանն արձագանքեց.

«Կխնդրեմ անգամ հարցերի մեջ լինել կոռեկտ մեր երկիր եկած, ժամանած հյուրերի նկատմամբ և շատ զգույշ ընտրել ձևակերպումները: Մենք ուզում ենք անել ամեն ինչ, որ այդ ծառայությունները ստանալիս որևէ կուտակումներ կամ հերթի հետ կապված խնդիրներ չառաջանան, դրա համար էլ կազմակերպում ենք, որ լինեն հերթագրման մեքենաներ»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք կոռուպցիոն ռիսկ չկա՞ նրա մեջ,  որ Առողջապահության նախարարությունը «Մեդլայն» ընկերությունից 606 մլն դրամի գնում է կատարել, իսկ այդ ընկերության նախկին տնօրենն Ավանեսյանի ներկայիս տեղակալ Գևորգ Սիմոնյանն է:

«Կխնդրեմ, որ նման նյութեր գտնող, վերլուծող, հրապարակող լրագրողներն անպայման դիմեն համապատասխան կառույցներին՝ պարզաբանելու բոլոր հանգամանքները»:

Նկատառմանը, որ պայմանագրերն ուզում են, սակայն չեն տրամադրում, Ավանեսյանն արձագանքեց, որ կարող են դիմել համապատասխան մարմիններ, օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս