«Մխիթար Զաքարյանին բռնության գործադրմամբ ձերբակալելն այլ նպատակ էր հետապնդում». Փաստաբան

Այսօր ժամը 14:00-ից Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի  մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեի շենքում: Հիշեցնենք՝ ավելի վաղ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ Մեղրիի նախկին համայնքապետն այսօր գիշերը ժամը 00:00-ին պետք է ներկայանար ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Մխիթար Զաքարյանն իր փաստաբանի ուղեկցությամբ ինքնակամ ներկայացել էր, սակայն, ինչպես հայտնում է փաստաբանը, ոստիկանները սկզբում «ձևացրել են», թե տեղյակ չեն՝ իրենք ինչո՞ւ եկել, և առաջարկել են սպասել, մինչև ճշտեն:

«Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով՝ «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։ Համառ ջանքերից հետո փաստաբաններին ևս ներս են թողել, և հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ 2 օր է՝ ոստիկանության աշխատակիցներն ակնհայտ անօրինական գործողություններով և կեղծիքներով հիմքեր են նախապատրաստել

Մ․ Զաքարյանին ձերբակալելու համար, որպեսզի իրականացնեն այս խայտառակ մասկի-շոուն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը, մինչև քննչական գործողություններին մասնակցելու համար ՔԿ շենք մտնելը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մխիթար Զաքարյանի ձերբակալումն ապօրինի է եղել, ինչը բողոքարկվել է դատարանում, իսկ ոստիկանների՝ գիշերը կատարած գործողություններն անհիմն են եղել:

«Ինքնաձիգերով, դիմակավորված անձանց ներկայությունն արդեն այս իրավիճակի համար լիազորությունների անցում է, մենք չենք կարող ցանկացած դեպքում նման իրավիճակում մարդուն պառկացնել գետնին, իբր գործողություն ենք իրականացնում, դու չես կարող հիմնավորել, թե իբր վնասազերծում ես, դու չես կարող վտանգ տեսնել, եթե վտանգ ունես, կարող ես, բայց ի՞նչն է վտանգը: Պաշտոնական լիազորություններն  անցնելը անձի կյանքին կամ առողջությանը  վտանգ ներկայացնող հանցագործություն չէ, դրա համար օրենսգիրքը նախատեսում է տուգանք, ուստի ինքնակամ ներկայացած մարդուն ոստիկանության շենքի մոտ նման բռնությամբ իբր բերման ենթարկելը, ակնհայտ է, որ  այլ նպատակ է հետապնդել»,- ասաց փաստաբանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք վնասվե՞լ է Մխիթար Զաքարյանի ձեռքը բերման ենթարկելու ընթացքում, քանի որ նման լուրեր էին շրջանառվում, Երեմ Սարգսյանն արձագանքեց.

«Զաքարյանը թևի վնասվածքներ ունի այս պատերազմի  ժամանակ, իսկ թե ի՞նչ է տեղի ունեցել այս բռնության գործադրման արդյունքում, դրան հետագայում կանդրադառնամ, բայց միայն այն փաստը, որ գիտեն՝ անձը վնասվածքներ ունի, նաև հրազենային վիրավորում է ստացել և այլն, իրենից որևէ վտանգ չներկայացնող անձին նման կերպով, ձևականորեն բերման ենթարկելը վկայում է, որ այստեղ բոլոր նորմերն անցել են: Եթե իրավապահ մարմինները փորձում են հանցագործություններով, ապօրինություններով, իբր, օրինականություն հաստատել, սա մոլորություն է, նման բան չի կարող լինել, եթե որևէ մեկը հանցագործություն է կատարում կամ անօրինականություն, չի կարող դիմացինից պահանջել դա չանել, առավել ևս, եթե դա պետական մարմինն է»:

Երեմ Սարգսյանը նաև հայտնեց, որ ձերբակալման հիմք են հանդիսացել այն տեղեկությունները, թե իբր Ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։ Փաստաբանի պնդմամբ՝ իրենք անձամբ են զանգահարել ոստիկանություն և տեղեկացրել, որ տանը սպասում են ծանուցագրին:

Տեսանյութեր

Լրահոս