«159 միլիոնը սկի երազում չեմ տեսել». Գայ համայնքի ղեկավարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

2020 թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն Արմավիրի մարզի Գայ համայնքում  տեսչական ստուգում էր անցկացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր.

«Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գայ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին»:

Արմավիրի մարզի Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Սեյրան Մարկոսյանն ասաց նաև, որ ինքը 2008 թվականից է այս պաշտոնում, իսկ շինությունները, ձկնաբուծարանները կառուցվել են դեռ 1990-ական թվականներին:

«159 միլիոնը սկի երազում չեմ տեսել… Հետո գյուղն ուրիշ է, քաղաքն ուրիշ է, ես այսօր գնամ ձկնաբուծարանը դնեմ քանդեմ, իրենց ազգը թշնամի կդառնան իմ ազգի հետ»,- ասաց համայնքի ղեկավարը:

Հարցին՝ այսինքն նման հրահանգ է եղե՞լ, որ քանդեք ձկնաբուծարանները, Մարկոսյանը պատասխանեց.

«Հա, կամ քանդեք, կամ դատի տվեք… Իրենք իրենց գումարները վերցնում են, գյուղապետին ասում են՝ գնա քանդի…. Ես հրաժարական չեմ տա, թող ընտրություն լինի, եթե ժողովուրդն ինձ չի ընտրի, կթողնեմ, կգնամ…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս