Վահե Գրիգորյանն օրը 3 անգամ այլ բանի համար պետք է ներողություն խնդրի
Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման՝ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքների քննությունը:
Գործի քննության ընթացքում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վկայակոչեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համապատասխան կետը՝ վարքագծի կանոնների հետ կապված, ինչին ի պատասխան՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն արձագանքեց, որ Արման Դիլանյանը ճիշտ է վկայակոչում օրենքի համապատասխան հոդվածի կոնկրետ կետը, սակայն նաև ճիշտ է վկայակոչում այն, որ օրենքով սահմանված կարգով, վարքագծի հետ կապված, ՍԴ-ն եթե օրենքի խախտում է տեսնում, պետք է պատշաճ վարքագիծ դրսևորի:
«Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է ղեկավարվել Սահմանադրությամբ և «ՍԴ մասին» օրենքով, այլ ոչ թե ՍԴ դատավորների մեծամասնության կողմից տրված մեկնաբանությամբ»,- ասաց Արևիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ ինքը պարտավոր չէ օրենքի խախտման վարքագիծ դրսևորել:
Ապա Արևիկ Պետրոսյանն Արման Դիլանյանին հիշեցրեց վերջինիս դրսևորած երկակի ստանդարտների վարքագծի մասին:
«Դատական իշխանությունը վարկաբեկող համապատասխան տեսակետներ և մեկնաբանություններ ՍԴ դատավորներից մեկը մեկ տարի և ավել արել է, նման վարքագիծ դրսևորել է: Ես չեմ տեսել Ձեր հետևողականությունը նույն ձևով շեշտադրում կատարելու վերաբերյալ»,- ասաց Արևիկ Պետրոսյանը:
Արևիկ Պետրոսյանի խոսքին անմիջապես անդրադարձավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ում էլ հենց ըստ էության վերաբերում էր Արևիկ Պետրոսյանի անդրադարձը:
«Դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնկարկներ էր պարունակում իմ վարքի վերաբերյալ: Ես ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից և կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ որ դուք լսում եք, ինչին դուք այստեղ ականատես եք: Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը արժանի է շատ ավելի այլ վարք դրսևորող Սահմանադրական դատարանի: Ես խնդրում եմ անտեսել այդ ամենը, թեկուզև դա դատավորի հասցեին է արված, և, ի վերջո, անցնել գործի քննությանը: Ողջ հանրապետությունը սպասում է այս գործով որոշման, ինչպիսին էլ այդ որոշումը լինի»,- ասաց Վահե Գրիգորյանը:
Ի պատասխան՝ Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանին՝ ասելով, որ սպասում է նրա արձագանքին, որպեսզի վերջինս վկայակոչի հնչեցված մտքի վերաբերյալ «ՍԴ մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետը:
«Ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանն ու Սահմանադրական դատարանին»,- նկատեց Արևիկ Պետրոսյանը:
Անշուշտ, տհաճ երկխոսություն էր, և, բնականաբար, ՀՀ-ն ավելի լավ Սահմանադրական դատարանի է արժանի, բայց Վահե Գրիգորյանը մոռանում է, որ մասնավորապես ինքը եթե ոչ՝ հեղինակ, ապա՝ համահեղինակն է այս որակի ՍԴ-ի, և ինքն ու իր սրտի քաղաքական թիմն են ամեն ինչ արել՝ վարկաբեկելու համար սահմանադրական արդարադատությունը:
Վահե Գրիգորյանը նաև ճիշտ է անում, որ ներողություն է խնդրում ՀՀ բոլոր քաղաքացիներից, բայց այս տեսարանի համար ներողություն խնդրելուց առաջ նա ամեն օր՝ օրը 3 անգամ, նրանցից ներողություն պիտի խնդրի իր դրսևորած ձրիակերի վարքագծի համար, այն բանի համար, որ մեկ տարուց ավելի առանց աշխատելու՝ զբաղեցրել է աշխատասենյակ, ծառայողական մեքենա, օգտվել է բենզինի կտրոններից, ստացել է աշխատավարձ, պարգևավճարներ ու սոցիալական երաշխիքներ, և այդ ամենը՝ հարկատուներիս, այն է՝ իր վկայակոչած ՀՀ բոլոր քաղաքացիների գրպանից:
Մարդիկ հիշողություն ունեն, և հետևաբար՝ իզուր է Վահե Գրիգորյանն ինքն իրեն թևերով հրեշտակ երևակայում, որքան էլ որ վերջին 3.5 տարիներին փարիսեցիությունը նորաձև լինի: