«Էդ ա մեր ապագան, որ վախով ապրում ենք․․․»․ կյանքը Վերին Շորժայում
«Դուռս բացում եմ, թուրքերը դիմացի սարին նստած են, վախենում եմ, որ տնից հելնեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի բնակիչ տիկին Ասյան։
20 տարուց ավելի Վերին Շորժայում է ապրում տիկին Ասյան: Կթվորուհի է, աշխատում է գյուղի ֆերմայում: Մեզ հետ զրույցում էլ պատմեց, որ երեկոյան մենակ տուն չի գնում, վախենում է․
«Իմ կոլեգայի հետ եմ գալիս տուն, մինչև իմ դուռը բերում է ինձ, նոր գնում է իրենց տուն։ Վախենում ենք անգամ գիշերը քնենք․ սաղ շրջապատած ա, լրիվ իրենց պոստերն են․․․ Մեզ գիշեր-ցերեկ դադար չունենք, ես վախենում եմ․․․ Որ կրակոցներ են լինում, մենք լսում ենք, մարդ ենք, վախենում ենք»։
Տիկին Ասյան կոչով դիմեց իշխանություններին, որպեսզի օր առաջ քայլեր ձեռնարկեն՝ ադրբեջանցիները հետ գնան․
«Նիկոլ Փաշինյանին ես դիմում եմ, որ ադրբեջանցիները մեր սարերից հետ գնան, որ մենք այստեղ հանգիստ ապրենք, ես ուրիշ բան չեմ ուզում ասեմ․․․»։
Վերին Շորժայի 32-ամյա բնակիչ Արմեն Մանուչարյանը մեզ հետ զրույցում ևս ընդգծեց, որ գյուղում վախ կա, եթե նախկինում տան դուռը կարող էին գիշերը բաց թողնել, հիմա պարտադիր կողպում, նոր քնում են․
«Պարտադիր համ դրսից եմ դուռս կողպեքով փակում, համ էլ ներսից, նոր պառկում քնում եմ։ Ես իմ տան դուռը միշտ բաց թողել, քնել եմ, ոչ մի բանից չեմ վախեցել, բայց հիմա փակում, նոր քնում եմ։ Չես կարա ասես, միամիտ գիշերով մտան տուն՝ երեխա կա տանը, ի՞նչ իմանաս, ի՞նչ կլինի․․․»։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք գործող իշխանություններից, մասնավորապես՝ ադրբեջանական զորքը մեր տարածքներից հետ ուղարկելու մասով, Վերին Շորժայի բնակիչը պատասխանեց․
«Որ ադրբեջանական զորքը հետ ուղարկեն, շատ լավ կլինի, բայց խելքս բան չի կտրում, որ կարողանան, ինչ-որ մի բան անեն, որ անեին, էսքան ժամանակ կանեին, չէին գա հասնի, մտնի մեր քթի տակ ապրեին, մեր ժողովուրդն էլ վախենալով ապրեին․․․»։
Իսկ ի՞նչ ապագա է տեսնում, հարցրեցինք Արմենին.
«Սենց որ գնաց, ինձ թվում է՝ ապագան լավ չի լինի։ Էդ ա մեր ապագան, որ վախով ապրում ենք․․․»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում