Ինչո՞ւ են արտերկրում խնդիրներ առաջանում Հայաստանում արված պատվաստումների հետ. պարզաբանում է Անահիտ Ավանեսյանը
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին հարցրին, թե ի՞նչն է պատճառը, որ արտերկրում խնդիրներ են առաջանում Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների հետ կապված, մասնավորապես քաղաքացիներից մեկն ահազանգել էր, որ Նորվեգիա մեկնելիս ԵՄ-ն չի ընդունել Հայաստանում արված AstraZeneca-ով իր պատվաստումը:
«Վերջերս Եվրամիությունն ընդհանուր որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումները ևս կդառնան ընդունելի տարբերակ ԵՄ երկրներ մուտքի համար, դրանից հետո ԵՄ ամեն մի երկիր պետք է սկսի գործընթացն ավելի տեխնիկական հատվածի, թե ինչպես դա պետք է արվի, և մենք, ԱԳՆ-ի հետ միասին, իհարկե, աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ֆորմատները, և ոչ միայն իրենք են ճանաչում, այլև մենք ենք ճանաչում: Կխնդրեմ, որ դիմեք ԱԳՆ, որպեսզի հստակ տեղեկատվություն տան, թե ո՞ր երկրներն են այս պահին արդեն իսկ հաստատել մեր սերտիֆիկատների տարբերակները, և որո՞նք են դեռ պրոցեսի մեջ: Պետք է ասեմ, որ, չգիտեմ, թե ի՞նչ ենթադրություններից ելնելով՝ այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, որ կա ինչ-որ AstraZeneca, որն ընդունելի է, կա, որն ընդունելի չէ, խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել, Հայաստանում օգտագործվում է AstraZeneca ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար»:
Հարցին, թե կա՞ն AstraZeneca-ի այլ տեսակներ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ կա այդ ընկերության կողմից արտադրված պատվաստանյութ, որը ԵՄ-ն ընդունել է.
«Մեր երկրում այժմ օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված պատվաստանյութ»:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը լրագրողի հարցին ի պատասխան՝ պնդեց, որ Հայաստանում պատվաստվող օտարերկրացիների թիվն ընդհանուր պատվաստվողների թվի մեջ փոքր տոկոս է կազմում: Խոստացավ վաղը՝ բրիֆինգի ընթացքում, ավելի մանրամասն տեղեկատվություն տալ պատվաստումների մասին: Իսկ պատրաստվո՞ւմ են օտարերկրացիների համար պատվաստումը Հայաստանում դարձնել վճարովի:
«Շարժվում ենք մարդասիրական սկզբունքներից ելնելով, պետք է նկատենք, որ շատ երկրներ են նույն սկզբունքով առաջնորդվում: Որևէ երկիր չի կարող ապահով լինել համաճարակային իմաստով, եթե իր շուրջն իրավիճակը նույնպես բարվոք չէ: Ելնելով այն հանգամանքից, որ սա հանրային վտանգավոր հիվանդություն է, մենք նման սկզբունք ենք որդեգրել և շարունակելու ենք, բայց դա չի նշանակում, որ հետաքրքրվածության տեմպերի աճի դեպքում մենք մեր քաղաքականության մեջ շտկումներ չենք մտցնի»,- ասաց Ավանեսյանը և ավելացրեց՝ որոշում են կայացրել, որ օտարերկրացիները կկարողանան պատվաստվել միայն շրջիկ կետերում, ինչպես նաև շուտով պահանջ կդրվի, որ Հայաստանում առնվազն 10 օր բնակվելու պարագայում միայն կիրականացվի պատվաստումը: