Ուզո՞ւմ ես հայրենիք ունենալ՝ կհետապնդվես, կխուզարկեն, կծեծեն
Հուլիսի 5-ին 168.am-ը գրել էր, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես իշխանական մարզպետներն ընդդիմության համակիր ընտրված համայնքապետերին պարտադրում են աշխատանքից ազատման դիմումներ գրել, ավելին՝ հպարտորեն հայտարարում են այդ մասին, իսկ մեր իրավապահ համակարգը լուռ է:
Ովքեր ամուր նյարդեր չունեն, դիմում են գրում ու դուրս գալիս, որոշ դեպքերում՝ գործեր են հարուցում, հրաժարվողներին ծեծում են մարզպետարանի միջանցքում: Ծեծում են մարզպետն ու էլի 6-7 հոգի, իսկ մեր իրավապահ համակարգը խուլ ու համր է: Չէ, իհարկե, կա հարուցված քրեական գործ Լոռու մարզպետի ու նրա մերձավորների կողմից Օձունի համայնքապետին ծեծելու գործով, մարդը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, անգամ տուժող կա՝ համայնքապետը, սակայն մեղադրյալ չկա: Այսինքն՝ դեպքից օրեր անց, երբ գործը հարուցվել է տուժողի հաղորդման հիման վրա, մարդը, բնականաբար, ցուցմունք է տվել, ասել է՝ ովքեր են ծեծել իրեն, ինքն էլ տուժող է ճանաչվել, բայց գործով մեղադրյալ, չգիտես ինչու, չկա:
Սա դեռ հուլիսի 5-ին: Այսօր հուլիսի 8-ն է, և Լոռու մարզպետի ու նրա խմբակի կողմից Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու գործով դեռ մեղադրյալ չկա:
Հունիսի 30-ին «Ազատությանը» տված հարցազրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրապարակավ պնդում է՝ ընտրություններին պարտություն կրած ուժերին սատարած համայնքապետերը պետք է հրաժարական տան:
Մարզպետը նշում է՝ քանի որ այդ համայնքներում ընդդիմությունը չի հաղթել, նշանակում է, համայնքապետերն այդտեղ վստահություն չունեն, հետևաբար՝ պետք է հրաժարական տան և ցանկության դեպքում նորից մասնակցեն ընտրություններին: Փաստորեն, Լոռու մարզպետի «փայլուն» տրամաբանությամբ՝ պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրած, 5000-ից ավելի զոհեր ու 10.000-ից ավելի վիրավոր, հսկայական տարածքային կորուստներ արձանագրած, կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու պարտավորություն չուներ, իսկ համայնքապետերը, որոնց համայնքում իրենց կուսակցությունը չի հաղթել, պետք է հրաժարական տան, որովհետև իրենց համայնքներում վստահություն չունեն:
Նման պահանջ Արամ Խաչատրյանը նաև մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի առջև է դրել, ով, սակայն, հրաժարվել է կատարել մարզպետի ապօրինի պահանջը:
Ճիշտ նույն պահանջն է դրվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարների առաջ, ովքեր չեն դիմադրել ու հրաժարականի դիմումներ են ներկայացրել:
168.am-ի խնդրանքին՝ ներկայացնել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պաշտոնական դիրքորոշումը նշված խնդրի վերաբերյալ, ՀՔԾ-ից ասացին, որ նմանատիպ բոլոր հրապարակումները ՀՔԾ-ում ուսումնասիրվում են, և առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դրանց անպայման ընթացք կտան:
Մենք նաև դատախազություն էինք դիմել՝ ցանկանալով ճշտել դատախազության դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
«Քաղաքական բնույթի հայտարարությունները քրեական վարույթի շրջանակներում ուսումնասիրելու հիմքեր չկան։ Այն մասով, որով դատախազությունը տեսել է դրա անհրաժեշտությունը, նման գործընթաց նախաձեռնել է»,- կարճ ու կոնկրետ ասացին մեզ դատախազությունից:
Իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինակ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են իր թիմակիցներն ընդդիմության համակիր համայնքապետերին պարտադրում հրաժարականի դիմումներ գրել, պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ: Կարծում եմ՝ Դուք կրկին ինֆորմացիան սխալ շեշտադրումներով եք ներկայացնում»:
Լոռու մարզպետի սկանդալային հայտարարությունից 8 օր անց արդարադատության նախարարը հայտարարում է, թե ինքը նման տեղեկություն չունի, և սա այն դեպքում, երբ վերջինիս լրատվական ծառայութունը նախարարին պարտաճանաչ կերպով ներկայացնում է օրվա լրահոսի՝ հատկապես իրավական բովանդակության կամ առերևույթ խնդրահարույց հրապարակումները:
Արդարադատության երիտասարդ նախարարն անթաքույց կերպով, առանց ամաչելու ստում է ու ճողոպրում կառավարության շենքից: Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ երկրում կատարված, կատարվող ու դեռ կատարվելիք «բարեփոխումների» մասին:
Իսկ զուգահեռ իրականությունում Վերաքննիչ քրեական դատարանը մերժում է պրոֆեսոր Արմեմն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը, և բժիշկը շարունակում է կալանավորված մնալ, ձերբակալվում է Քարահունջի կին համայնքապետը, նրանից ցուցմունքներ կորզելով՝ գործընթաց են սկսում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ, այսօր նախ խուզարկում են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը, ապա նրան ապօրինի կերպով տեղափոխում են Երևան: Հընթացս խուզարկություն է սկսվում նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Վերը նշված անձինք մեկ ընդհանրություն ունեն. նրանք բոլորն էլ ուզում են հայրենիք ունենալ ու հետապնդվում են իրենց հենց այդ ցանկության համար: