Բաժիններ՝

«Դեռ նյութեր են նախապատրաստվում»․ Սուրենավանի ավտովթարի փաստով դեռ քրեական գործ չի հարուցվել

Արարատի մարզի Սուրենավան գյուղում նախորդ ամիս տեղի ունեցած վթարի փաստով ոստիկանությունից 168.am-ին հայտնեցին, որ դեռ նյութեր են նախապատրաստվում․

«Դեռ նյութերի նախապատրաստման ընթացքում է, ժամկետը երկարացված է։ Երևի թեմային անդրադառնանք հուլիսի 16-17-ին»։

168.am-ը դեռ դեպքի օրը՝ հունիսի 16-ին, գրել էր, որ ըստ ստացված հավաստի տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշերով ծառայողական  ավտոմեքենան  մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից եկող Նիվա մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենայի մեջ գտնվող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղեկություն ունե՞ն, որ Toyota Land crauser մակնիշի ավտոմեքենան ծառայողական է․

«Մենք այդ դեպքին հենց նույն օրն անդրադարձել ենք մեր կայքում, դրան լրացնող տեղեկություն կհրապարակենք»։

Հարցին՝ ինչո՞ւ այս դեպքով քրեական գործ չի հարուցվել, երբ տուժող կա, ոստիկանությունից պատասխանեցին․

«Հրապարակաման ենթակա տեղեկատվությունն արդեն հրապարակել ենք, նյութերի նախապատրաստման փուլը դեռ շարունակվում է․․․»։

Ազգային ժողովի 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց․

«Քրեական գործի հարուցումն իրականացվում է Քրեական դատավարության հիմունքի համապատասխան հոդվածով նախատեսված ընթացակարգով։ Ըստ ընթացակարգերի՝ նախատեսվում են կարճ ժամկետ և երկար ժամկետ, ինչը պայմանավորված է՝ փորձաքննություն նշանակվե՞լ է, թե՞ չէ։ Եթե փորձաքննվեր, նշանակում է՝ չի հասցրել 10-օրյա ժամկետում եզրակացություն տա, մինչև 1 ամիս ժամկետով երկարաձգվում է»։

Ոստիկանությունից, իհարկե, մեզ չհայտնեցին, թե ինչ պատճառով է  նյութերի նախապատրաստման ժամկետը երկարացվել մինչև հուլիսի 16-17-ը: Այդ ժամանակ լրանում է Սուրենավանում տեղի ունեցած ավտովթարի մեկամսյա ժամկետը,  հուսանք,  որ  ոստիկանությունից կստանանք տեղեկություն՝ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, պարզվել են  վթարի պատճառ դարձած ավտոմեքենայի  վարորդն ու այլ վկաներ:

Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշերով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենայի մեջ գտնվող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

168.am-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանի օգնականներն արագ հանել են մեքենայի պետհամարանիշերը, և իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։ Ի դեպ, Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս