«Մարդիկ ներքևի հատվածներում սկսել են խոտը քաղել, բայց վերևում վտանգավոր է․․․»․ Կութի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում խոտհարքի խնդիրը շարունակում է գյուղացիների համար չլուծված մնալ։ Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները ստիպված դաշտերի ներքևի հատվածում են սկսել խոտը քաղել, սակայն ավելի վերև գտնվող հատված չեն կարող առաջ գնալ՝ ադրբեջանցիների նշանառության տակ կհայտնվեն։
«Գյուղում իրավիճակը նույնն է, ոչ մի փոփոխություն չկա։ Մարդիկ ներքևի հատվածներում սկսել են խոտը քաղել, բայց վերևում վտնագավոր է։ Խոշորացված համայնքի ղեկավարի հետ պայմանավորվել ենք, որ վաղը կորպուսից մարդ կանչենք, գան, որ տեսնենք, թե վերևի հատվածի խոտը ոնց պետք է քաղենք։ Ասել են՝ հլը որ ներքևի մասերինը քաղեք․․․»,- ասաց Կութի գյուղապետը։
Իսկ ադրբեջանցիներն այդ ուղղությամբ, որտեղ հիմա գյուղացիները սկսել են խոտը քաղել, չե՞ն կրակում, հարցրեցինք համայնքի ղեկավարից.
«Հլը որ չէ, չի եղել։ Եթե կրակոց լինի՝ չեն քաղի, չեն բարձրանա․․․»։
Սիմա Չիտչյանը հունիսի 30-ին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ 2 օրից ռուսական զորքը տեղակայվելու է գյուղում, արդեն տեղն էլ են որոշել, թե որտեղ են տեղադրելու վագոն-տնակները։ Գյուղապետից այսօր հետաքրքրվեցինք, թե արդեն տեղակայվե՞լ է ռուսական զորքը։
«Ասել էին՝ 15 օրից կգան, հիմա 15 օրը լրացել է․․․ Վաղը մեր խոշորացված համայնքի ղեկավարը պետք է զանգի, տեսնենք՝ ի՞նչ են անում․․․»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։