12.9 մլն դոլար՝ օրենքի դիկտատուրայի համար

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Կառավարությանը 12 միլիոն 940 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել երկրում իրավունքի գերակայություն հաստատելու համար: Այսպիսով, ԱՄՆ-ից Հայաստանին հատկացվող ներդրումային ընդհանուր գումարը կհասնի 11,047,369 ԱՄՆ դոլարի:

Այդ գումարը ԱՄՆ-ը ՀՀ Կառավարությանը հատկացրել է՝ համաձայն նախկին Կառավարություններից մեկի օրոք ստորագրված համաձայնագրի։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրին, որում պարբերաբար փոփոխություններ են կատարվել, այս Կառավարությունը կատարել է 10-րդ փոփոխությունը, ըստ այդմ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարն ավելացել է 12,940,000 ԱՄՆ դոլարով։

Ֆինանսական հատկացումները նախատեսվում են Հայաստանում արդար և ժողովրդավարական կառավարում իրականացնելուն միտված ծրագրերի համար, մասնավորապես՝ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների, պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության ոլորտներին։

Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև:

Փոփոխությամբ նաև նախատեսվում է երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը: Նախորդ ձևակերպմամբ սահմանվել էր ծրագրի իրականացումն ավարտել 2023 թվականի սեպտեմբերի 30-ին. վերջին փոփոխությամբ նախատեսվում է ավարտել 2025 թվականի սեպտեմբերի 30-ին:

Տեսանյութեր

Լրահոս