«Հայաստանի ներսում հանգստանալն այնքան էլ մատչելի չէ, Եգիպտոսն ավելի մատչելի է». Հռիփսիմե Ստամբուլյան

Ամառային արձակուրդների ամենաբուռն շրջանն է: Իհարկե, ոչ առաջվա նման, բայց այսօր էլ կան մարդիկ, որոնք մտածում են՝ ո՞ւր մեկնել հանգստանալու: 168.am-ը զրուցել է «ANRIVA-TOUR» տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի հետ՝ պարզելու, թե տուրիստական ո՞ր ուղղություններն են նախընտրում մեր համաքաղաքացիները, ի՞նչ երկրներ է առաջարկում իրենց տուրիստական գործակալությունը:

 – Եթե խոսենք այս ամռան մասին, ապա ուղղությունները Հայաստանի քաղաքացիների համար այնքան էլ շատ չեն: Առաջին տեղում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Եգիպտոսն է՝ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերով: Մենք՝ որպես Air Cairo Avia ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, իրականացնում ենք շաբաթական 6 թռիչք. 3 թռիչք՝ դեպի Շարմ Էլ Շեյխ, և 3 թռիչք՝ դեպի Հուրգադա:

Մյուս ուղղությունները, որով գնում են մեր քաղաքացիները, դրանք Կիպրոսը, Թունիսը և Մոնտենեգրոն են: Թունիսն այս տարի նոր ուղղություն է հայկական շուկայի համար, որն «Anriva»-ն է իրականացնում, ուղիղ չվերթերով: ՀՀ քաղաքացիները կարող են Թունիս գնալ առանց նախապես մուտքի արտոնագիր ստանալու, ես ինքս իմ ջանքերով այդ հարցը կարգավորել եմ Թունիսի կառավարության հետ, որ եթե «Anriva»-ի ուղիղ թռիչքով են ժամանում, ապա արտոնագիրը ստանում են տեղում օդանավակայանում՝ 25 դոլար վճարելով: Իսկ եթե տրանզիտով են գալիս, ես ինքս նախկինում, երբ Թունիս եկել եմ, Մոսկվայի՝ Թունիսի դեսպանատնից եմ վիզան ստացել: Իրականում ՀՀ քաղաքացիների արտոնագրերի հարցով պետք է զբաղվի մեր ԱԳՆ-ն, Տուրիզմի կոմիտեն, և առհասարակ պետական մակարդակով դա պետք է լինի, բայց քանի որ ոչ ոք այդ ուղղությամբ ոչինչ չի անում, փորձում եմ ինքս ապահովել: Երևի բիզնեսի տեսակետից են նայում, որ եթե բիզնեսին պետք է, թող ինքն էլ այդ հարցերը լուծի: Եթե չեմ սխալվում՝ Հայաստանից դեպի Թունիս թռիչքներ եղել են 12 տարի առաջ, հետո չեն եղել:
Հիմնական ուղղությունները սրանք են, որ Հայաստանի քաղաքացիները գալիս են:

– Ինչո՞ւ են մեր համաքաղաքացիները նախընտրում հենց այս ուղղությունները:

– Նախընտրում են Շարմ Էլ Շեյխը և Հուրգադան ավելի շատ, որովհետև գնային քաղաքականությունը բավականին մատչելի է, ծովափնյա է, անիմացիաները բավականին շատ են, հյուրանոցները շատ ակտիվ են, շատ մատչելիից մինչև շքեղ հյուրանոցներ կարելի է գտնել: Դրա համար էլ Եգիպտոսը, ինչպես վերջին 4 տարիների ընթացքում, հիմա էլ առաջին հորիզոնականում է: Թունիսը նախընտրում են՝ որպես նոր ուղղություն: Միջերկրական ծովով է աչքի ընկնում, ոսկե ավազներով, եղանակային բարենպաստ պայմաններով: Հենց այս պահին Թունիսում եմ: Եղանակը առավոտյան 28-29 աստիճան է, ցերեկը՝ 30-31 աստիճան, որն իդեալական է, շոգ չէ, շատ հարմար է երեխաների հետ գնալու համար:

– Խանգարո՞ւմ է հայ զբոսաշրջիկներին այն հանգամանքը, որ որոշ երկրներ մեկնելու համար հարկավոր է լինում պատվաստվել:

– Նշածս բոլոր ուղղություններով մարդիկ կարող են ՊՇՌ (PSR) թեստ հանձնել և գնալ հանգստանալու, պատվաստման խնդիր չկա, իսկ եթե պատվաստված են, ՊՇՌ թեստ չեն հանձնում: Այս տեսակետից որևէ խնդիր չկա, և ՀՀ քաղաքացիներին թեստ հանձնելու պայմանն ընդհանրապես չի մտահոգում, միևնույն է, գալիս են հանգստանալու և մեծ թվով մարդիկ են գալիս:

– Իսկ ո՞ր երկրների զբոսաշրջիկների համար է առավել հետաքրքիր Հայաստանը:

– Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդ տեղում Իրանն է, չորրորդ տեղում՝ Ուկրաինան, հինգերորդը՝ ԱՄՆ-ը: Գալիս են այս երկրներից, բայց կարող է լինեն այլ երկրի քաղաքացիներ, օրինակ՝ ԱՄՆ-ից կարող է Հայաստան գալ այլ երկրի քաղաքացի: Երկրորդ եռամսյակի արդյունքները դեռևս չկան, իսկ առաջին եռամսյակում մոտ 86 հազար զբոսաշրջիկ է եկել այս երկրներից:

Ցուցանիշները բավականին տխուր են, եթե համեմատենք 2019-ի առաջին եռամսյակի հետ, այն ժամանակ առաջին եռամսյակում մոտ 300 հազար է եղել զբոսաշրջիկների թիվը, այս տարի նվազել է:

– Հայաստանի քաղաքացիները մեր երկրի ո՞ր հանգստավայրերն են նախընտրում:

– Հայաստանի քաղաքացիները Հայաստանի տարածքում ևս մեկնում են հանգստանալու՝ հիմնականում շաբաթ-կիրակի օրերին: Շատ են գնում Ծաղկաձոր, Սևան այս փուլում, Դիլիջան, նաև Ջերմուկ են սկսել գնալ, ինչը շատ ուրախացնող փաստ է: Ջերմուկի հյուրանոցները վերջին շրջանում շատ ակտիվ են, սա, իհարկե, պայմանավորված չէ միայն հայաստանցիներով, Ռուսաստանի քաղաքացիները ևս հանգստանում են Ջերմուկի հյուրանոցներում:
2020թ.-ին, բնականաբար, հայերն ավելի շատ են Հայաստանի ներսում հանգստացել, քանի որ այլընտրանք չկար, թեկուզ իմ մատնանշած մի քանի ուղղությունները չեն գնացել, քանի որ թռիչքներ չկային, հայերը մնացել, Հայաստանի ներսում են հանգստացել:
Այս տարի ցուցանիշն այլ է, ինչո՞ւ, որովհետև մենք՝ հայերս, ծովի սիրահար ենք, առաջին հերթին ծով են ուզում գնալ, ամառային արձակուրդներին էլ հիմնականում ընտանիքներով են հանգստանում՝ կապված երեխաների ամառային արձակուրդների հետ, իսկ երկրորդ կարևոր հանգամանքն արժեքներն են, Հայաստանի ներսում հանգստանալն այնքան էլ մատչելի չէ, Եգիպտոս ավելի մատչելի են գնում, քան կարող են Հայաստանի ներսում հանգստանալ:

Տեսանյութեր

Լրահոս