«Ժողովրդին սարքում են գործ տվող». քաղաքացիները՝ երթևեկության կանոնների խախտումները նկարելու մասին

Հայաստանի կառավարության 2020թ․ հունիսի 11-ի որոշմամբ այսօրվանից՝ հուլիսի 1-ից, քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։

Ոստիկանությունն օրեր առաջ ներկայացրեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արձանագրելու և համապատասխան կենտրոն ուղարկելու կարգը․

«Քաղաքացին մուտք գործելով www.activesociety.am կայք, առաջին անգամ պետք է նույնականացվի իր նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով։ Դա մեկ անգամ կատարվող քայլ է, որից հետո նրան հնարավորություն կտրվի արդեն բեռնել համապատասխան հավելվածը և կատարել ֆիքսումները»։

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, կանգառի կայանման կանոնները խախտելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:

Թե նոր կարգից որքանո՞վ են գոհ մեր համաքաղաքացիները և արդյոք պատրաստվո՞ւմ են տեսա և լուսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, 168.am-ը պարզել է հարցախույզի միջոցով։

«Ժողովրդին սարքում են գործ տվող, դրա համար կան համապատասխան մարմիններ։ Նկարելուց անախորժություններ են լինելու, մեկը տեսավ նկարելուց, հելնելու է՝ ծեծ, կռիվ և այլն․․․ Դա վարորդի նկատմամբ գործ տալ է՝ հետիոտնի և անցորդի կողմից․․․»,- ասաց հարցված քաղաքացիներից միջին տարիքի մի տղամարդ։

Քաղաքացու խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար պետբյուջեից մեծ գումարներ են դուրս գրվել, և հիմա իշխանությունները նաև այսկերպ են փորձում գումարները վերադարձնել բյուջե․

«Ժողովրդից, վարորդներից փորձում են պետբյուջեն լցնեն, դա ճիշտ չի։ Ընտրություններին, բոլորս էլ գիտենք, որ փողեր են ծախսվել, այդ փողերը պետք է լցվի տեղը․․․»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ որևէ վատ բան չի տեսնում խախտումը նկարելու մեջ․

«Ճիշտ կանեն, պետք է նկարեն, ոչ մի տեղ էլ թող խախտում չանեն․․․»։

Իսկ հարցին՝ որպես քաղաքացի՝ նման խախտում նկատելու դեպքում կնկարահանե՞ք և ուղարկեք ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն, քաղաքացին բացասական պատասխան տվեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս