Իլոն Մասքի կարողությունն աճել է գրեթե 10 միլիարդ դոլարով. Forbes
SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունը, անցյալ շաբաթվա արդյունքներով, աճել է 9,9 միլիարդ դոլարով: Այդ մասին վկայում են Forbes հանդեսի հաշվարկները: Հրատարակության գնահատման համաձայն, Իլոն Մասքի կարողությունը գրեթե 9,9 միլիարդ դոլարով ավելացել է Tesla-ի արժեթղթերի արժեքի աճի հաշվին եւ կազմել 165,9 միլիարդ դոլար: Իրական ժամանակում նորացված Forbes Real-Time-ի միլիարդատերերի ցուցակի տվյալներով՝ Մասքն առաջվա պես զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Tesla-ի արժեթղթերի արժեքն անցյալ շաբաթվա տվյալներով աճել է 7,8 տոկոսով. դրա հետ մեկտեղ հունիսի 25-ին արժեթղթերն էժանացել են 1,17 տոկոսով: Հրատարակությունն ընկերության արժեթղթերի արժեքի նման ակտիվ աճը կապում է ընդհանուր շուկայական լավատեսությամբ՝ հաշվի առնելով այն, որ Սպիտակ տունը եւ ԱՄՆ-ի Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցություններից մի խումբ սենատորներ հունիսի 23-ին նախնական համաձայնություն են ձեռք բերել մոտավորապես 1,2 տրիլիոն դոլարի «ենթակառուցվածքային փաթեթի» շուրջ: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրամոբիլներ եւ տեխնոլոգիաներ մշակող ու արտադրող:
Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ ու էլեկտրաշարժիչներ եւ վաճառում այլ ավտոմոբիլային ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին եւ Daimler-ին: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո Ալթո քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: