Ինչո՞ւ է շտապում Արևմուտքը Փաշինյանի հարցում
ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է շնորհավորանքներ ստանալ ՀՀ գործընկեր երկրների ղեկավարներից: Ուշագրավն այն է, որ հատկապես շտապեցին շնորհավորել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԱՄՆ Պետդեպարտամենտն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ չսպասելով պաշտոնական արդյունքների հրապարակմանը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, նշել է, որ Հայաստանում շատերն այս ճգնաժամի հիմնական արդյունքը համարում են Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում, բայց դրա արմատները շատ ավելի խորն են, դրանք հասնում են անցյալ: Ջեյհուն Բայրամովը նաև կարծիք է հայտնել, թե որքան շուտ անվիճելի լինի տարածաշրջանում երկրների բնականոն զարգացման սկզբունքը միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխանության շրջանակում հարաբերությունների կարգավորման միջոցով, այնքան շուտ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները կկարողանան տեսնել արդյունքները:
ՌԴ պաշտոնյաները ևս արձագանքեցին, մասնավորապես՝ հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ: Նա նաև նշել էր, որ ընտրություններում տեսան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը, ու շնորհավորել էր հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հունիսի 21-ին կարճ արձագանքել էր հայաստանյան ընտրություններին եռակողմ հայտարարության իրագործման կոնտեքստում՝ որևէ գնահատական ընտրությունների արդյունքների վերաբերյալ չհնչեցնելով: Ուշագրավն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ Նիկոլ Փաշինյանին չի ուղղել, այսինքն՝ ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել, այնինչ Իրանում հունիսի 18-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո՝ հաջորդ օրը, Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Էբրահիմ Ռաիսիին, շնորհավորական հեռագիր հղելով: Նիկոլ Փաշինյանի դեպքում կարծես Պուտինի հեռագիրն ուշանում է, կամ ՌԴ ղեկավարությունը սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը:
168.am–ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ պատահական չէ Վրաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շտապողականությունը՝ շնորհավորել ՀՀ իշխանություններին:
Ըստ նրա, տարածաշրջանում այնպիսի դրամատիկ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով աճել է Ռուսաստանի ազդեցությունը, ոմանց կարծիքով՝ նաև Թուրքիայի ազդեցությունը, որ Վրաստանի դերակատարությունն աճեցնելով՝ Արևմուտքը փորձում է իրավիճակ փոխել և ավելի ակտիվ լինել տեղում։ Այսինքն՝ որքանով դա հնարավոր է՝ հաշվի առնելով արևմտյան «ավանդույթները»:
Ցինցաձեի խոսքով, հասկանալի է, որ Արևմուտքը չի կարող այս տարածաշրջանի երկրներով զբաղվել ինտենսիվ ռեժիմով, հատկապես, երբ կան հայ-ռուսական հարաբերությունները, որոնք սահմանափակող են:
«Իսկ Վրաստանի դերն այլ է Հայաստանի համար, որը բոլորը ճանաչում են, և Վրաստանը կարող է դառնալ Հայաստանի համար՝ Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու կամուրջ: Այդ գիտակցումը այսօր կա Վրաստանի իշխանությունների շրջանում: Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրին մաս կազմող երկրներ են, սա լուրջ ռեսուրս է, որը երբեք տարածաշրջանում չի օգտագործվել համապարփակ ձևով՝ այս ուղղությամբ հարաբերությունները խորացնելու համար: Ուստի պատահական չէ նաև, որ Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարեց այն մասին, որ պատրաստ են աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման համար:
Ըստ իս, առաջիկայում ավելի մեծ հնարավորություններ կբացվեն՝ հատկապես ընտրություններից հետո, երբ հնարավոր կլինի անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանային խնդիրներին, լուծել դրանք, թեև դրանց լուծումը շատ կարող է բարդանալ, դա Վրաստանում առավել քան լավ են հասկանում, ունենալով սահմանային անլուծելի խնդիրներ: Սակայն այս դեպքում դա առաջնային է, եթե քննարկվում է խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, առանց այդ խնդիրների վերացման հնարավոր չի լինի ոչ խաղաղություն, ոչ էլ այլ ենթակառուցվածքներ ռեգիոնում:
Արևմուտքի դերն ակնհայտորեն աճելու է, վերսկսվելու են նաև ԵԱՀԿ ՄԽ բանակցությունները, այս փուլում, որքան էլ տարօրինակ է, դա համադրելի է ռուսական ներկայության հետ, որևէ խնդիր չի առաջանում, քանի որ Թուրքիայի նախագահն առաջարկում է վեցակողմ համագործակցություն, և դա կարծես մեծ մասին հետաքրքիր է: ԵՄ անդամ երկրների երեք ԱԳ նախարարների այցը ռեգիոն ակտիվացնելու է Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակում համագործակցությունը, սերտացնելու կապերը Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ԱԵՄ-ն կարծես շեշտը դնում է Վրաստանի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ ներկայացուցիչ:
Սրա մասին պնդումները հաստատվում են նաև այն գործարքով, որը եղավ վերջերս՝ գերիների վերադարձ: Իրանում ևս ընտրություններ տեղի ունեցան, Իրանը ևս պետք է ակտիվ աշխատի ռեգիոնում, տեսնենք, թե նոր իշխանությունն ինչպես է աշխատելու, Իրանը ևս կարևոր խաղացող է և վճռական դերակատարություն է ունենալու»,- ասաց Ցինցաձեն՝ հավելելով, որ կարևոր տարածաշրջանային գործընթացներ կան առջևում: