Դիտարկումների ժամանակ տեսել եմ հանձնաժողովի նախագահ, որը տեղամասային կենտրոն մինչև այս, անգամ որպես ընտրող չէր գնացել. ԿԸՀ քարտուղար

«ԿԸՀ-ն տպագրել է շուրջ 70 միլիոն քվեաթերթիկ և բաշխել տարածքային ընտրական հանձնաժողովներին: Տպագրել և ընտրողներին բաժանել է 600.000 տեղեկատվական թերթիկ՝ այն մասին, թե ինչպես պետք է քվեարկեն, հանդես է եկել մի շարք տեսահոլովակներով»,- մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նրա փոխանցմամբ՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ միայն 2 միլիոն անձեռոցիկ են բաժանել, որպեսզի սարքն ամեն ընտրողից հետո մաքրվի, և վարակի փոխանցում տեղի չունենա: Բաժանել են նաև 1 մլն 700.000 դիմակ, ինչպես նաև ախտահանիչ նյութեր:

«Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի շատ պայմաններ ենք փորձել ստեղծել, որպեսզի կարողանան քվեարկել: Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար տեղեկատվական թերթիկը նաև բրայլյան այբուբենով են փորձել տպագրել: Նրանք կարող են նաև ինքնուրույն ընտրել քվեաթերթիկը: 16 հազար 64 հոգու համար կազմակերպվել է ուսուցում, և դրա համար ունեցել ենք ընդամենը 13 օր ժամանակ: Մասնակցել է 90 տոկոսից ավելի հանձնաժողովական: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեծ մասն անփորձ էին, առաջին անգամ էին ընդգրկված հանձնաժողովներում: Դիտարկումների ժամանակ տեսել եմ հանձնաժողովի նախագահ, որը տեղամասային կենտրոն, մինչև այս, անգամ որպես ընտրող չէր գնացել: Նրա 18 տարին նոր էր լրացել: Փորձառությունը բավականին պակաս էր, և այդ ուսուցումն այդ առումով կարևոր էր»,- նշեց Արմեն Սմբատյանը:

Տեսանյութեր

Լրահոս