Խորհրդարանում լինելու են երեք ընդդիմադիր ուժերը, որոնք կոալիցայի պարագայում հնարավորություն ունեն իշխանություն ձևավորել. քաղաքագետ

«Քարոզարշավը, ինչպես և կանխատեսվում էր, բավականին կոշտ ընթացավ՝ երբեմն ոչ թե սև, այլ կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ, աննախադեպ ատելության մթնոլորտում, որի խաղի կանոնները, ինչպես և սպասվում էր, հաստատեց իշխանությունը,- 168.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց  նախընտրական քարոզարշավը  քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ մանրամասնելով,- Իշխանությունն ի սկզբանե հասկանում էր, որ բավականին բարդ կացության մեջ է հայտնվել, և այդ պատճառով պետք է բավականին կոշտ և սուր մթնոլորտ ձևավորեր: Դրա համար երկու հիմնական մեսիջ էր ուղարկում հասարակությանը՝ ամեն ինչում մեղավոր են նախկինները՝ թե՛ մինչև 2018 թվականի բոլոր իրադարձությունները, թե՛ 2018 թվականից հետո՝ ընդհուպ մինչև կապիտուլյացիան և Սյունիքի որոշ տարածքների հանձնումը, և երկրորդը՝ եթե մեզ, այնուամենայնիվ, հնարավորություն տաք վերարտադրվել, ապա թավիշը կվերացվի և կդառնա պողպատ»:

Քաղաքագետը համոզված է, որ Փաշինյանի աղմկոտ քարոզարշավը, տեսանելի մրցակիցներին վարկաբեկելու հուսահատ փորձերը, սուր տոնայնությունն ու ցուցադրված մուրճը փորձեր էին նախ՝ սեփական թիմին (քանի որ տատանումներ էին նկատվում), ապա նաև՝  սեփական  ընտրազանգվածին ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ որևէ մեկը չկասկածի, որ իր ասած 60 տոկոսն իրենք վերցնելու են. «Կարծում եմ՝Փաշինյանին վախենում էին ճշմարտությունն ասել, սակայն կամպանիայի կեսից, երբ մարզային այցելությունների ժամանակ նույն մարդկանց էր տեսնում, սկսեց հասկանալ, որ այդ մարդիկ ուղղակի բերվում են. շրջիկ ֆանատներն էին, ընտրազանգված աշխատողներն էին:

Ինքը հասկացավ, որ ձայներ հավաքում է, սակայն չի կարողանում հաղթել: Փորձեցին և  փորձում են սատելիտ կուսակցություններին ինչ-որ կերպ ուժեղացնել, որպեսզի գոնե  կարողանան խորհրդարանում որևէ արբանյակ ուժ ունենալ, որի հետ կփորձեն կոալիցիա ձևավորել: Չգիտեմ՝ կստացվի, թե ոչ, բայց եթե առաջնորդվենք այսօր հրապարակված սոցիոլոգիական վերջին հարցումներով՝ որևէ սատելիտ քաղաքական ուժ չի անցնում»:

Անդրադառնալով ընդդիմության վարած քարոզարշավին՝ Վիգեն Հակոբյանը նշեց.  «Եթե մենք իշխանության գլխավոր մրցակից դիտարկենք «Հայաստան» դաշինքը, ապա, իրենք,  ըստ էության, փորձեցին Նիկոլ Փաշինյանին բացարձակապես հակառակ թեզերով հանդես գալ: Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում էին, որ հասարակության մի զգալի մասը, որոնք Փաշինյանի ֆանատներին չեն պատկանում, շատ հոգնել են Փաշինյանի այդ ոճից, ատելության խոսքերից, և կամպանիան վարեցին բավականին սոլիդ ոճով. ներկայանում էին՝ որպես գործող իշխանությանը ռեալ ալտերնատիվ»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ այս ընտրարշավում  ընդդիմության և իշխանության մարտավարությունները խառնվել է իրար. «Իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ իր սուր քննադատություններով, պողպատե մանդատ ուզելով, սպառնալիքներով, իրեն պահում էր՝ ինչպես արմատական ընդդիմություն, իսկ ընդդիմությունը, տվյալ դեպքում՝ «Հայաստան» դաշինքը, իրեն պահում էր՝ որպես իշխանություն:

Սովորաբար, իշխանությունը երբ գնում է ընտրարշավի, ինքը գնում է և հաշվետվություն է տալիս, ասում՝ ես ասել էի՝ սա, արել եմ՝ սա. այս իշխանությունը փաստացի նման բաներ չէր անում: Փաշինյանի մեթոդոլոգիան ընդդիմադիրի մեթոդոլոգիա է. այն, ինչ կարող էր անել 2017-2018 թվականներին, մոտավորապես նման ձևով էլ անում էր, հիմա՝ ավելի ագրեսիվ, որովհետև հիմա իշխանություն ունի կորցնելու, նաև անվտանգության խնդիր է իր մոտ առաջանալու, դրա համար ամեն ինչ դնում է, որպեսզի չպարտվի:

Մինչդեռ Քոչարյանը, երբ գնում էր մարզեր, կարծեք ինքն էր հաշվետվություն տալիս. ասում էր՝ օրինակ, 98-2008 թվականներին այս շենքը, այս ճանապարհը ես եմ սարքել: Նա ներկայանում էր քաղաքական ուժի անդամ, որը գալու է և շարունակելու է իր կողմից արվածը:

«Պատիվ ունեմ»-ն իր առջև խնդիր էր դրել հանդես գալ կոնկրետ քննադատությամբ, կոնկրետ բացելով այսօրվա իշխանության արատները. թերևս, ամենասուր քննադատությամբ իրենք էին  հանդես գալիս, շեշտը դրել էին հենց դրա վրա՝ բացում էին խաղաքարտերը, երբեմն ինչ-որ կոմպրոմատներ էին ջրի երես հանում, առաջացնում էին սպասումներ, հանդես էին գալիս ամենաարմատական դիրքերից՝ նաև փորձելով տանել ամենաարմատական ընդդիմադիրների ձայները:

«Բարգավաճն» իր ոճի մեջ էր. ինքն իր էլեկտորատի վրա էր աշխատում, որի հետ տարիներով է աշխատել և կոնկրետ հարաբերություններ ունի որոշ հատվածների հետ՝ աշխատատեղեր են ստեղծել, գյուղատնտեսներին են օգնել, իրենց կապերը միշտ պահել են, հիմա էլ պահում են: Հիմնական ոճը թիրախային աշխատանքն է սեփական ընտրազանգվածի հետ՝ ներկայացնելով իրենց ուժին բնորոշ սոցիալ-տնտեսական բնույթի առաջարկներ:

Իրենց մոտ շանս է բացվել. 2018 թվականին էյֆորիայի մեջ «Բարգավաճ Հայաստան»-ի մարզերի շատ ձայներ գնացին Նիկոլին, և հիմա մեծ շանս կա բավականին շատ ձայներ հետ բերելու, և դրա վրա լավ աշխատում է «Բարգավաճը»»:

«Խորհրդարանում լինելու են այս երեք ընդդիմադիր ուժերը, ինչի մասին վկայում են և՛ այսօրվա սոցհարցումները, և՛ նաև որոշակի ընդհանուր տպավորությունը, և այս երեք ուժերը հնարավորություն ունեն կոալիցիայի պարագայում իշխանություն ձևավորել:

Բնականաբար,  անցնում է  նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն հնարավոր կոալիցիայի համար կարծես թե սատելիտ չի անցնում:

Այսօր սոցհարցումներով անցնում էր նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, իհարկե, սահմանային էր, բայց նույնիսկ եթե «Լուսավոր Հայաստան»-ն էլ անցնի, եկեք հիշենք, որ ինչպես երեք ընդդիմադիր ուժերը, այս ուժը ևս քաղաքական հայտարարություն է արել, որ իրենք բացառում են խորհրդարանում համագործակցությունը գործող իշխանության հետ: Այսինքն՝ կոալիցիան բացառվում է:

Այս չորս ուժերին տեսնում եմ, ինչպես և սոցհարցումներն են դա ցույց տալիս»,- հիմնական խաղացողների շանսերն ամփոփեց քաղաքագետը՝ չբացառելով նաև խորհրդարանում հինգերորդ ուժի ներկայությունը:

Վիգեն Հակոբյանը խոսեց նաև հետընտրական զարգացումների մասին, սակայն քիչ հավանական համարեց քաղաքացիական պատերազմի վտանգը՝ նկատելով. «Ես տեսնում եմ, որ իշխանությունը, Փաշինյանը չի կարող հաղթել, բայց կոալիցիայով հաղթելու հնարավորություն ունի ընդդիմությունը, և  եթե հանկարծ ընտրությունը կեղծվի, և Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ հաղթել է, այդ պարագայում ընդդիմությունը շանս ունի մեծ փողոցային պայքար սկսելու, որովհետև այս պահի դրությամբ, համենայն դեպս, չի երևում, թե Փաշինյանը ինչպես պետք է հաղթած լիներ:

Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքից չզգացի,  որ այնտեղ կա մեծ պոտենցիալ, մեծ էներգիա. հիմնականում վարչական ռեսուրսով հավաքած մասսա էր,  միտինգային մասսա էր, պայքարի մասսա չէր,  իսկ ընդդիմության մասսան պայքարի մասսա է:  Մարդուն կարող ես զոռով տանել պլակատ պահելու, բայց չես կարող տանել փողոցում քաղաքացիական պատերազմ վարելու: Ինչ-որ բախումներ կարող են լինել, բայց քաղաքացիական պատերազմ, նման ապոկալիպտիկ բաների մասին են խոսում, ես դրան չեմ հավատում»:

 

Տեսանյութեր

Լրահոս