Իշխանությունների փչած հերթական փուչիկը պայթեց. նախաքննական մարմինն արդարացրեց թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենին
Հունիսի 16-ին թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանին շնորհվել է արդարացվածի կարգավիճակ։ Նրա նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմով հարուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվեց և քրեական վարույթը կարճվեց։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արա Ներսիսյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ դեռևս 2020 թվականի մարտ ամսին ՀՀ իշխանությունները «կոռուպցիայի» դեմ պայքարի քողի տակ ապօրինի կերպով ձերբակալել և քրեական հետապնդում էին հարուցել Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանի նկատմամբ այն բանի համար, թե իբր նա 2020 թվականի հունվարի 17-ից, ստանձնելով Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 153-րդ հասցեում գործող «Երևանի քաղաքապետարանի թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ դրամարկղային շրջանառության բարձր ցուցանիշներ ապահովելու պատրվակով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչը դրսևորվել է «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության կանոնադրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, 2020 թվականի փետրվարի 5-ին իր աշխատասենյակ է հրավիրել նույն ՓԲ ընկերության աշխատակիցներին, նրանցից պահանջել է պոլիկլինիկա այցելած քաղաքացիներից ապօրինաբար հավաքագրել գումարներ և յուրաքանչյուր ամիս դրամարկղ մուտքագրել 50.000-ական ՀՀ դրամ գումար, ինչի արդյունքում իբր էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այդ կերպ՝ հեղինակազրկել է պետական մարմիններին և խաթարել նրանց բնականոն գործունեությունը:
«Ուղիղ մեկ տարի չորս ամիս անց փաստվեց, որ Արա Ներսիսյանի արարքում բացակայում են որևէ հանցակազմի, այդ թվում՝ իրեն վերագրվող արարքի հատկանիշներ։ Մասնավորապես, հաստատվեց, որ նրա արարքով պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել, և որևէ կերպ վերջինս իր արարքով չի հեղինակազրկել պետական մարմիններին։
Սակայն ստացվեց լիովին հակառակ պատկերը՝ տվյալ դեպքում պետությունը փաստացի ապօրինի կերպով տարուց ավելի իրականացնելով նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում՝ դրանով իսկ ամբողջ հասարակության առաջ ցույց տալով նրա անհիմն բացասական կերպարը, ոտնահարել է վերջինիս բարի և մասնագիտական համբավը»,- ասաց պաշտպանը:
Էրիկ Ալեքսանյանը նշում է՝ թեև հասկանալի է ՀՀ իշխանության նման գործելաոճը, քանզի 2020 թվականին իշխանությունները դեռ փորձում էին, այսպես ասած, «թոզ փչել» ժողովրդի աչքերին, թե իբր կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար է իրականացվում, սակայն դա նրանց հերթական հեքիաթն էր, և այդ հեքիաթի շրջանակներում էլ որպես զոհ ընտրել էին Արա Ներսիսյանին։
«Արդարությունը, բնականաբար, վերականգնվեց. Արա Ներսիսյանն արդարացված է»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը: