«Ֆրանսիայի ազդեցիկ կազմակերպություններն ու հաստատությունները, ֆրանսահայ արվեստագետներ, գործարարներ մերժել են Փարիզ այցելած ինքնակոչ հյուրին». Հրաչ Վարժապետյան
Դաշնակցության մեծ ընտանիքը՝ իր բոլոր հաստատություններով, մերժել էր վՓարիզում Նիկոլ Փաշինյանի հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում և նրան երեկ դիմավորել է բողոքի ակցիաներով։
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և իրեն ենթակա «մամուլի» տարածած լրատվությունը՝ ֆրանսահայ համայնքի հետ նրա երեկվա հանդիպման մասին, չի արտացոլում հանդիպման իրական պատկերը:
«Բարեբախտաբար, կա ընդդիմադիր մամուլ, որ երեկ Ֆրանսիայից ուղիղ միացումների տարածմամբ և լուրերով ցուցադրեց, թէ որքան «ջերմ» դիմավորեց ողորմելիին դժգոհ, բողոքող ժողովուրդը՝ չնայած ոստիկանական խիստ միջոցառումներին. հավկիթ, լոլիկ, արևմտահայերեն և արևելահայերեն դղրդացող վանկարկումներ՝ «դավաճան», «հողատու», «թուրք», «առանց Նիկոլ Հայաստան», «դասալիք», և այլն: Սակայն մեկ այլ նույնքան կարևոր հանգամանք կա. Ֆրանսիայի, այսպես ասած, հայ համայնքի հետ հանդիպմանը բացակա էին համայնքի ամենաակտիվ ու ազդեցիկ կազմակերպությունները, հաստատությունները, տարբեր անձնավորություններ, կուսակցություններ, որոնք մերժել էին հրավերը և բոյկոտել՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն, Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթողիկե եկեղեցի, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Համազգային», ՀՄԸՄ, Հայ Դատ, «Կապույտ խաչ» (ՀՕՄ), մշակույթի տներ: Նույն կեցվածքը որդեգրել էին նաև ֆրանսահայ ծանոթ արվեստագետներ, գործարարներ՝ մերժելով ինքնակոչ հյուրին, ինչը հստակ պատգամ և մեսիջ է՝ ուղղված տակավին ինքն իրեն ղեկավար նկատող էակին»,- նշեց Վարժապետյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում երեկ հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում:
Փաշինյանը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ:
Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնել էր, որ Փաշինյանը ցանկացել է հանդիպել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ՝ իր և Արա Թորանյանի, և, որ ինքը մերժել է այդ հանդիպման առաջարկը` ի տարբերություն Թորանյանի:
Մուրադ Փափազյանը մեզ նաև տեղեկացրել էր, որ Մակրոնը Փաշինյանին հոկտեմբերին էր կանչել՝ ընտրություններից հետո, սակայն Փաշինյանը պնդել էր, որ ինքը Փարիզ այցելի ոչ թե հոկտեմբերին, ինչպես հրավիրել էր Մակրոնը, այլ հիմա։ Այսինքն, գործ ունենք քաղաքական մուրացկանության հետ: