Գործարար հանրությանը հուզում է քաղաքական անկայունությունը, ավելի շատ վտանգներ են տեսնում ճանապարհների ապաշրջափակման մեջ. Վլադիմիր Ամիրյան

ՀՀ Առտևտրաարդյունաբերական պալատն ու Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչների կարիքների ու անհանգստությունների վերհանման համար 2021թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված ու գործող 400 ձեռնարկության շրջանում կատարված հարցման արդյունքում վեր են հանել կորոնավիրուսի, պատերազմի, քաղաքական անկայունության վերաբերյալ գործարարների մտահոգությունները:

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանի փոխանցմամբ՝ այս հարցումների արդյունքում պարզվել է, որ որոշ առաջնահերթություններ զիջել են իրենց դիրքերը:

«Օրինակ, եթե նախկինում գնաճն այդքան չէր հուզում գործարար հանրությանը, ապա այս հարցումների արդյունքում պարզվեց, որ դա զբաղեցնում է առաջին տեղերը՝ որպես խնդիր: Մյուսը քաղաքական անկայունությունն է, իհարկե, որը նույնպես մտահոգում է մեր գործարար հանրությանը, իսկ մնացած արդյունքները, կարելի է  ասել, կրկնում են նախկինում արված հետազոտությունների արդյունքները, ինչպիսիք են, օրինակ, շուկայի խնդիրը, որը, ես կարծում եմ՝ միշտ թիվ 1 խնդիրն է եղել մեր մոտ, ինչպես գտնել շուկաներ, ինչպես դուրս գալ արտաքին շուկաներ, որակյալ կադրեր գտնելու խնդիրը: Նման հարցերը, այսպես ասած, միշտ գործարար հանրության օրակարգում են, բայց, նորից կրկնեմ, մենք, կապված մեր ներկայիս իրավիճակի հետ, ունենք այլ օրակարգային հարցեր»,- լրագրողների հետ զրույցում ասա Վլադիմիր Ամիրյանը:

Խոսելով գործարար հանրության՝ ճանապարհների ապաշրջափակմանն ուղղված դիրքորոշման մասին՝ Ամիրյանը նշեց, թե չկա գործարար հանրության միանշանակ կարծիք՝ մեծամասնությունը զգուշավոր է և կողմ չէ:

«Այստեղ պետք է նաև հասկանալ, որ մենք միայն հարցնում ենք գործարարների կարծիքը, բայց ամբողջական ինֆորմացիա դեռ գործարարը չունի՝ ինչի՞ մասին ենք խոսում, ի՞նչ ապաշրջափակման մասին է խոսքը, և այլն…

Տեսնում են ավելի շատ վտանգներ, ռիսկեր են տեսնում: Օրինակ, շուկայի հետ կապված, մրցակցությունը կավելանա, այլ երկրներից ավելի շատ ապրանքներ կգան Հայաստան, իսկ տեղի արտադրողները որքանո՞վ կարող են դիմակայել»,- ասաց Վլադիմիր Ամիրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս