Հայաստանյան ձեռնարկությունների 60%-ը ճանապարհների ապաշրջափակմանը խիստ բացասաբար է վերաբերվում. կա վախ, անվտանգության խնդիր. Պետրոս Պետոյան

ՀՀ Առտևտրաարդյունաբերական պալատն ու Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչների կարիքների ու անհանգստությունների վերհանման համար 2021թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված ու գործող 400 ձեռնարկության շրջանում կատարված հարցման արդյունքում վեր են հանել կորոնավիրուսի, պատերազմի, քաղաքական անկայունության վերաբերյալ գործարարների մտահոգությունները:

ԱյԷմԱռ հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Պետրոս Պետոյանի փոխանցմամբ՝ հիմնական թեման 2020-ի վերջին կառավարության որոշման արդյունքում Թուրքիայից ներմուծվող պատրաստի ապրանքի նկատմամբ կիրառված էմբարգոն է եղել:

«Ընկերությունները այս մասով գտնում են, որ, այո՛, էմբարգոն ինքնին շատ ճիշտ էր, բայց, օրինակ, արդյունաբերական ընկերությունները, կարի ընկերությունները, որոնք հումքը ներկրում էին Թուրքիայից, իրենք լիովին անպատրաստ էին դրան, ու իրենց համար իրականում դա մեծ խոչընդոտ դարձավ: Այսինքն՝ իրենք ուզում են պետությունից աջակցություն ստանալ կամ  գոնե խորհրդատվություն՝ ալտերնատիվ, որտեղից կարելի է ներկրել նույն այդ հումքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոս Պետոյանը:

Դիտարկմանը, թե արգելը պատրաստի արտադրանքին էր վերաբերում և հումքի ներկրման արգելք չկար, արձագանքեց՝ նշելով, որ գործարարների այդ կարծիքները պետությունից գործարարին պատշաճ ինֆորմացիա չտրամադրելու արդյունքն է:

Գործարար շրջանակների 400 ներկայացուցիչները՝ փոքր, մեծ ու միջին ձեռնարկություններ՝ մարզերից ու Երևանից, անդրադարձել են նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը:

Ձեռնարկությունների շուրջ 60%-ի դիտարկմամբ՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա խիստ բացասական կամ բացասական ազդեցություն, իսկ շուրջ 40%-ն էլ վստահություն է հայտնել, որ այն իրենց բիզնեսի համար կունենա բացասական ազդեցություն: Ըստ Պետրոս Պետոյանի՝ հարցված ընկերությունների 21%-ն է միայն կանխատեսել դրական ազդեցություն Հայաստանի ու սեփական բիզնեսի համար, որը, ըստ նրա, բացասական բարձր ցուցանիշ է:

«Բացասականը գալիս է էմոցիոնալ վիճակից՝ վախ, անվտանգության խնդիր… Բացասականը սպասելի էր: Ես, օրինակ, անձամբ չէի սպասում, որ այդքան բարձր կլինի դրական կողմեր տեսնող ընկերությունների թիվը»,- ասաց Պետրոս Պետոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս