«Իրավիճակի որևէ փոփոխություն չկա». Կութի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Կութ գոյուղում իրավիճակի որևէ փոփոխություն չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը։
«Ինչպես երեք օր առաջ էր, այնպես էլ այսօր է, որևէ փոփոխություն չկա։ Իրավիճակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն գուցե տա մեր վերադասը՝ Գեղամասար խոշորոցված համայնքի ղեկավարը։ Լավ է, որ թշնամին այս ընթացքում որևէ սադրանքի չի դիմել, այսինքն՝ 3 օր է՝ իրավիճակը հանդարտ է, որևէ բան չկա»,- նշեց Կութի գյուղապետը։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին թշնամին կրակոցներ էր արձակել Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ, ինչը պաշտոնապես հաստատել էր նաև Պաշտպանության նախարարությունը։
Մայիսի 25-ին էլ թշնամու արձակած կրակոցիցի մարզի դիրքերից մեկում զինծառայող էր զոհվել։
Իսկ մայիսի 27-ին էլ ՊՆ-ն հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում թշնամին գերեվարել է 6 հայ զինծառայողի։
Հիշեցնենք նաև՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։