Երկրի գլխին կան կախված վտանգներ, իսկ դրանց հանգուցալուծումը շարունակ ի օգուտ թշնամու է կատարվում. Տիգրան Նալչաջյան

Նախկինում ռեժիսորները կանգնում էին դերասանական կազմի ընտրության, օպերատորի հետ աշխատանքի դժվարությունների առջև: Թե ի՞նչ խնդիրներ ունի այսօր, հետպատերազմյան Հայաստանում ապրող ռեժիսորը, «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» մեր զրույցների շարքի շրջանակներում պարզել ենք Տիգրան Նալչաջյանի հետ:

Ինքս մասնակցել եմ պատերազմին և որևէ հոգեբանական խնդիր չեմ ունեցել

Հետպատերազմյան շրջանը հոգեբանական առումներով չեմ կարողանում վերջնականապես հաղթահարել, քանի որ երկրի գլխին կան կախված վտանգներ, իսկ դրանց հանգուցալուծումը շարունակ ի օգուտ թշնամու է կատարվում։ Ինքս մասնակցել եմ պատերազմին և որևէ հոգեբանական խնդիր չեմ ունեցել՝ ոչ պատերազմի դաշտում, ու ոչ էլ դրանից հետո։ Բայց ստեղծված վիճակն իր հնարավոր հետևանքներով շատ մտահոգիչ է երկրի մասին մտածող, ուղեղ ունեցող յուրաքանչյուր քաղաքացու համար։

Պարտված պատերազմի մասին ամբողջական ֆիլմ նկարելու ցանկություն չունեմ

Կարդացեք նաև

Իմ հաջորդ ստեղծագործության, այսինքն՝ ֆիլմի մեջ անպայման կլինի անդրադարձ 44-օրյա այս պատերազմին, առանց դրա հնարավոր չէ, քանի որ մենք ապրում ու ստեղծագործում ենք տվյալ ժամանակի մեջ։ Բայց պարտված պատերազմի մասին ամբողջական ֆիլմ նկարելու ցանկություն չունեմ։ Ինձ համար ոգևորիչ է հաղթանակի գործոնը, որն այս անգամ նվիրվեց թշնամուն` անհասկանալի պատերազմի արդյունքում։

Գոյաբանական վախերի առաջ կանգնած չենք լինի

Պատերազմից հետո հայ ստեղծագործողը գուցե ընդունակ է արվեստի մեծ գործ ստեղծելու, բայց որոշ ժամանակ անց դրանք կստեղծվեն, երբ երկրում փոքր-ինչ կայուն և հասկանալի վիճակ կլինի և գոյաբանական վախերի առաջ կանգնած չենք լինի։

Կա ժողովրդի մի զանգված, բավական մեծ թվով մարդիկ, որ ապրում են լվացած ուղեղներով

Կան երիտասարդներ, որ հիասթափված են, և կան երիտասարդներ, որ իրենց դրսևորում են այնպես, կարծես այս ամենը իրենց հետ կապ չունի։ Եվ սա միայն երիտասարդներին չի վերաբերում։ Կա ժողովրդի մի զանգված, բավական մեծ թվով մարդիկ կան, որ ապրում են իշխանությունների կողմից լվացված ուղեղներով, մանիպուլյացված են, և այդ ամենն ի սկզբանե անկիրթ և տգետ լինելու արդյունքն է։ Ազգի և երկրի մասին մտածող յուրաքանչյուր հայ այս պահին ունի հուսահատության իր չափաբաժինը։ Եվ հենց վերջիններս են իրենց ջանքերով շտկելու ամեն ինչ։

Միշտ գործել եմ ինքնուրույն

Իմ մաշկի վրա երբեք պետություն-ստեղծագործող կապը չեմ զգացել։ Միշտ գործել եմ ինքնուրույն՝ հույսն իմ ու իմ թիմի վրա դնելով։

Կարծում եմ՝ ամեն ինչ կամաց-կամաց իր տեղն է ընկնելու

Ես անուղղելի լավատես եմ։ Այս դեպքում նույնպես կարծում եմ, որ ամեն ինչ կամաց-կամաց իր տեղն է ընկնելու։ Պարզապես ժամանակ և փոփոխություններ են պետք, որոնք անպայման լինելու են։ Հակառակը չեմ էլ ուզում մտածել։

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս