Հայաստանի տնտեսության «հմայքը»
Հայաստանի տնտեսությունը գտնվում է այնտեղ, որտեղից իր «հաղթարշավը» սկսել էր Նիկոլ Փաշինյանը։ Ուզենք թե չուզենք, պետք է խոստովանենք, որ տնտեսությունն անիմաստ մի քանի տարի էլ կորցրեց։ Առաջընթաց չկա։ Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե համարժեք է 2018թ. մակարդակին։
1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2018թ. 4 հազար 188 դոլար էր, 2020թ. դարձել է 4 հազար 269 դոլար։ Ավելացել է ընդամենը 1,9 տոկոսով։
Զարմանալի չէ, որ մարդկանց կյանքում գրեթե բան չի փոխվել։ Հասարակության մի ստվար հատված, ինչպես աղքատ էր, այնպես էլ շարունակում է աղքատ լինել։ Եկամուտները չեն ավելացել, փոխարենը՝ աճել են ծախսերը։
Ծախսերի ավելացման պատճառները տարբեր են։ Ծանրացել է տնտեսության հարկային ու սակագնային բեռը՝ հանգեցնելով ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման։ Թանկացումներին նպաստել են նաև բազմաթիվ այլ գործոններ՝ թելադրված դրսից ու ներսից։
Ժամանակին, երբ կառավարությունը բարձրացնում էր տնտեսության սակագնային բեռը, իսկ բնակչությանը թողնում անփոփոխ, խոսքն էներգակիրների սակագների մասին է, փորձում էր ցույց տալ, թե մտածում է ժողովրդի մասին։ Բայց չէր ասում, որ տնտեսության սակագնային բեռի բարձրացումը դուրս է գալու ժողովրդի ջանից։
Նման դեպքում տնտեսության ֆինանսական ծանրաբեռնվածությունը, այսպես թե այնպես, կրելու են սպառողները։ Ոչ մի նշանակություն չունի՝ դա լինելու է ուղղակի թե անուղղակի ճնշման միջոցով։
Հարկային բեռի շարունակական բարձրացման հետևանքով վերջին տարիներին անընդհատ թանկանում են ենթաակցիզային ապրանքները՝ վառելիք, խմիչքներ, ծխախոտ և այլն։
Ծխախոտի և խմիչքների գնաճը միայն այս տարի հասնում է 9 տոկոսի։
Գների բարձրացումը սկսել է հարվածել տեղական արտադրողին, հատկապես՝ ծխախոտին։ Ծխախոտի արտադրությունը, որը դարձել էր մեր տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, հետընթաց է ապրում, այն էլ՝ բավական կտրուկ։
Այսօրվա թանկացումները, իհարկե, միայն հարկային ու սակագնային բեռի ծանրացումով չեն պայմանավորված։ Դրանց ավելացել է նաև ներմուծումից ու դրամի արժեզրկումից թելադրված գնաճը։
Միայն սննդամթերքի գները վերջին 1 տարում բարձրացել են 8,5 տոկոսով։ Այնինչ՝ մարդկանց եկամուտները գրեթե չեն փոխվել։ Եթե նույնիսկ փոխվել են, ապա շատ ավելի քիչ, քան գնաճն է։ Ու դա վերաբերում է ոչ միայն այս, այլև նախորդ 3 տարիներին։
Երեք տարվա կտրվածքով մարդկանց եկամուտներն ավելի քիչ են աճել, քան ծախսերը։
Այս տարի ավելացել է նաև գույքահարկից թելադրված բեռը։ Հունվարի 1-ից գործում են գույքահարկի նոր և շատ ավելի բարձր դրույքաչափեր՝ անխտիր բոլորի համար։ Գույքահարկի վճարմանը դեռ ժամանակ կա, բայց շուտով մարդիկ բախվելու են նաև այդ խնդրի հետ ու ստիպված են լինելու իրենց բնակարանի կամ մյուս անշարժ գույքերի համար մի քանի անգամ ավելի շատ վճարել, քան վճարում էին նախկինում։
Մի պահ, երբ իշխանությունների կամքից անկախ՝ Հայաստանում բարձր տնտեսական աճ ապահովվեց, խոսքը 2019թ. 7,6 տոկոս աճի մասին է, կարծեցին, թե դա իրենց շնորհքն է։ Բայց հետագան ցույց տվեց, որ այդպես չէ, և անտեղի է էյֆորիայի մեջ ընկնելը։ Դրա համար տնտեսության մեջ հիմնարարներ չկային։ Ի հայտ էին եկել մի շարք նպաստավոր գործոններ, որոնք հանգեցրին տնտեսության բարձր աճին։ Դրանք կարճաժամկետ բնույթ էին կրում և չէին կարող երկար շարունակվել։
Նախ՝ նպաստեց վարկերի կտրուկ աճը։ Չսպասելով եկամուտների ավելացմանը և հավատալով իշխանությունների չարդարացված լավատեսությանը՝ մարդիկ շտապեցին ակտիվորեն սպառողական վարկեր վերցնել ու պարտքով բարելավել իրենց կյանքը։ Կարճ ժամանակահատվածում սպառողական վարկեր կրկնապատկվեցին։ Դրան աջակցեցին նաև բանկերը՝ խթանելով սպառողների չարդարացված լավատեսությունը։ Վարկերով մարդիկ սկսեցին ավելացնել սպառումը, այն հույսով, որ վաղը լավ է լինելու։ Բայց այդպես չեղավ, ու մարդիկ հայտնվեցին համատարած վարկային բեռի տակ։ Դրան նպաստեց նաև համավարակը՝ հանգեցնելով՝ ինչպես տնտեսության պասիվացմանը, այնպես էլ՝ մարդկանց եկամուտների կրճատման։
Մյուս կարևոր գործոնը դարձավ ավտոմեքենաների ներմուծումը, ինչ-որ տեղ խթանելով նաև տուրիզմը՝ իր հարակից ենթակառուցվածքներով։ Այն լրացուցիչ մեծ եկամուտներ բերեց նաև բյուջե։ Խոսքը գրեթե 120 մլն դոլարի մասին է։ Բայց պարզ էր, որ այս գործոնը չէր կարող շարունակվել նաև հետագայում, անկախ նրանից՝ կլինե՞ր համավարակ, թե՞ չէր լինի։
Սրանք էին այն 2 հիմնական գործոնները, որոնք մի պահ խթանեցին տնտեսական աճը։
Ինչպես միշտ, առանցքային դերակատարում ունեցավ նաև հանքարդյունաբերությունը։
Առաջին 2 գործոնները հիմա վերացել են, մնացել է միայն հանքարդյունաբերությունը կամ ընդերքի շահագործումը, որը մեծ տեմպերով շարունակվում է։
Այն, ինչ ունեինք 2019թ. «հեղափոխական» աճերի ու «աննախադեպ» ձեռքբերումների տեսքով, կառուցված էր ավազի վրա։ Դրա համար էլ չդիմացավ ու շատ արագ փլվեց։ Պատահական չէ, որ 2021թ. մեր տնտեսությունը դեռ գտնվում է 2018թ. մակարդակին։
Երեք տարի շարունակ գյուղատնտեսությունն անկում է արձանագրում անկման վրա, կառավարությունն ինչ-որ ծրագրեր է իրականացնում, վարկերի սուբսիդավորումից ու այլ աջակցություններից է խոսում, բայց ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ այդ վիճակից։ Գյուղատնտեսության ոլորտում նույնիսկ հետ ենք մնում 2018թ. մակարդակից։
Նույնն արտահանման դեպքում է. այսօր ավելի քիչ ենք արտահանում, քան արտահանում էինք 3 տարի առաջ։
Ու այսքանից հետո հսկայական նոր պարտք ենք կուտակել։ Բայց ՀՆԱ-ն նույնիսկ դրան համարժեք չի ավելացել։ Գումարներն անիմաստ ծախսել ենք, իսկ տնտեսական արդյունքները չեն երևում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ