ՊԵԿ-ում 135 միլիոն դրամի նոր պարտավորվածություն են ստանձնել, թեև Ֆիննախը դեմ է դրան
Պետական եկամուտների կոմիտեն Կառավարության համաձայնությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով 2021 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում ու ՊԵԿ-ին կհատկացվի շուրջ 71 միլիոն դրամ՝ մի շարք ծրագրեր իրականացնելու համար, միևնույն ժամանակ 135.8 մլն դրամի լրացուցիչ բեռ կառաջանա բյուջեի համար։
Մասնավորապես, ՊԵԿ-ից հիմնավորել են, որ գումարներն անհրաժեշտ են Արևմտյան մաքսատուն-վարչության վարչական շենքի և Սյունիքի մարզի ք. Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչության տարածքների վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, ինչպես նաև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրով նախատեսված տարածքի ընդլայնման համար նոր տարածքների՝ հողամասերի և շենք-շինությունների և Կոմիտեի աշխատակիցների համար Ագարակ համայնքում ծառայողական բնակելի շենքի կառուցման նպատակով։
Ինչ վերաբերում է 135.8 մլն դրամի լրացուցիչ պարտավորվածությանը, ապա սրա վերաբերյալ առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։
Ֆիննախից առարկել են առ այն, որ 2022-2024թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2022թ. պետական բյուջեի հայտերում ներքին աղբյուրների հաշվին շենքերի և շինությունների հիմնանորոգման ու շինարարության գործող և նոր միջոցառումների գծով առանց այդ էլ եռամյա ժամանակահատվածի համար հայտագրվել է, համապատասխանաբար, 5,415.7 մլն դրամ, 5,220.8 մլն դրամ և 3,315.2 մլն դրամ, սակայն այդ օբյեկտների ցանկում ընդգրկված չեն ՊԵԿ-ի՝ այժմյան նախագծով ներկայացված օբյեկտները:
Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ 5.9 մլն դրամ է հատկացվել Կոմիտեի Երևան քաղաքի Կոմիտաս 35 հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկում տարածքի ճաշարանի վերակառուցման և Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար, իսկ դրանց շինվերանորոգման աշխատանքների համար հարկավոր է շուրջ 155.7 մլն դրամ, ինչը նույնպես ներառված չէ ՊԵԿ-ի ներկայացրած հայտերում, ուստի դրանց ձեռքբերումն իրենից ենթադրում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում՝ առանց բյուջետային ծախսերի միջնաժամկետ պլանավորման։
Հաշվի առնելով սա՝ Ֆինանսների նախարարությունը կասկածի տակ է դրել բյուջեի վրա 135.8 մլն դրամի նոր պարտավորությունների ստանձնման նպատակահարմարության հարցը՝ բյուջետային ռեսուրսների ներկայիս սահմանափակ հնարավորությունների համատեքստում:
Չնայած Ֆինանսների նախարարության ներկայացրած առարկությանը՝ Կառավարությունը ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծն ընդունել է։