Այսօր մենք կարող ենք խոսել Հայաստանի էներգետիկ համակարգում առկա ճգնաժամի մասին․ «Զոդ ուինդից» մինչև ատոմակայանի 141-օրյա կանգառ

Արցախյան 44-օրյա պատերազմը զգալի վնասներ պատճառեց Արցախի էներգետիկ ենթակառուցվածքներին․ եթե մինչև պատերազմն Արցախի գործող հէկ-երը կարողանում էին ամբողջությամբ ապահովել ոչ միայն Արցախի էլեկտրաէներգիան, այլև արտահանել Հայաստան, ապա այսօր Արցախի էներգետիկ պաշարներն ապահովում են ներքին սպառման միայն 50 տոկոսը, մնացածը ներմուծում են Հայաստանից։

Սակայն էներգետիկ անվտանգության հարցում խնդիրները չսահմանափակվեցին միայն Արցախով, պատերազմի հետևանքով Հայաստանի նորահայտ սահմանները նոր խոչընդոտներ ստեղծեցին ներդրողների համար։

Այսպես, օրերս էլ տեղեկացանք, որ հողմային էլեկտրակայանով էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանն ու վարչական դատարանում պահանջում է կրած վնասների փոխհատուցում հինգ միլիոն դոլարի չափով։ Ընկերությունը Գեղարքունիքի մարզի Սոթքում ուներ հողմային էլեկտրակայաններ, որոնք 2020 թ. նոյեմբերին՝ հրադադարի հայտարարությունից հետո, անցել են Ադրբեջանին, թեև ընկերության գույքը գտնվում էր Հայաստանի տարածքում, և դա վկայող որոշումներ ու փաստաթղթեր կան։
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ Վահե Դավթյանի կարծիքով` նման դրվագները վկայում են երկրում առկա ճգնաժամային ներդրումային իրավիճակի մասին։

«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով ներխուժել են Գեղարքունիքի մարզի Գեղամար համայնքի Սոթք գյուղի տարածք, ինչի հետևանքով ընկերությունը զրկվել է իրեն մինչև 2048 թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավորությունից՝ կրելով մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունն արդեն կառուցել է 2 հողմակ, և բիզնես-պլանի համաձայն՝ նախատեսում էր կառուցել ևս 23 հողմակ: Այս ամենի վերջնական նպատակն էր՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ համակարգը, զարգացնել վերականգնվող էներգետիկան՝ օգտագործելով հողմային էներգիայի մեծ ներուժը, որ ՀՀ-ում առկա է»,- 168.amի հետ զրույցում մանրամասնեց էներգետիկ անվտանգության փորձագետը։

Այս համատեքստում Վահե Դավթյանին խնդրեցինք անդրադառնալ նաև «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի ճակատագրին․ Հարցին՝ հաշվի առնելով հետպատերազմական շրջանում պահպանվող վտանգները, արդյո՞ք պետք է մտահոգվել նաև «Մասրիկ 1» կայանի համար, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Եթե դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացներն ընթանան այնպես, ինչպես ադրբեջանական կողմից նախատեսված են, ապա ակնհայտորեն այս նախագիծը ևս կյանքի չի կոչվի։

Մասրիկի նախագիծը, որը մշտապես դիտարկվել է և այսօր էլ դիտարկվում է՝ որպես երկրի խոշորագույն արևային կայանի նախագիծ, առաջին անգամ օրակարգ է բերվել 2016 թվականին, և նախատեսվում էր, որ 2020 թվականին արդեն պետք է շահագործված լիներ։

Այսօր արդեն մենք տեսնում ենք, որ շահագործման հանձնման ժամկետներն էապես երկարացվել են․ այսպես կոչված՝ իշխանությունները նախանշում են 2024 թվականի մասին։ Այսպիսի երկարաձգումը խոսում է այն մասին, որ այս նախագիծը ձախողված է՝ ելնելով նախևառաջ անվտանգային խնդիրներից»։

Խոսելով Հայաստանի էներգետիկ մարտահրավերների մասին առհասարակ՝ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահն արձանագրեց գործող իշխանությունների ձախողումն այս ոլորտում։

«Ատոմակայանը կանգնեցվում է 141 օրով, այսինքն՝ մինուս 560 մլն կվտժ էլեկտրաէներգիա, որը պետք է փոխանցվեր էլեկտրական ցանցերին, երկրորդը՝ շուրջ 30 հէկ-եր Արցախի պատերազմի հետևանքով անցան ադրբեջանական կողմին, ինչի հետևանքով Արցախից այս տարի չենք ներկրելու շուրջ 330 միլիոն Կվտժ էլեկտրաէներգիա՝ ինչպես նախատեսված էր 2020 թվականին կազմված 2021 թ․ էներգետիկ բալանսով, շահագործման տեսանկյունից այլևս ոչ նպատակահարմար լինելու պատճառով կանգնեցված է երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը։

Սա կարելի է գնահատել այս իշխանությունների կողմից էլեկտրաէներգիայի արտահանման քաղաքականության բացարձակ ձախողման հետևանք, որովհետև Հրազդան 5-ը նախևառաջ նախատեսված էր Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ օդային գծի կառուցման պարագայում Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներն ավելացնելու համար, բայց քանի որ այսօր այդ գծի կառուցման աշխատանքներն իրականացվում են անթույլատրելի դանդաղ տեմպերով, ջերմակայանի հետագա շահագործումը սեփականատիրոջ՝ «Գազպրոմ Արենիա»-ի համար այլևս նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով նաև այն, որ անհրաժեշտ է այդ օբյեկտում իրականացնել որոշ վերազինման աշխատանքներ, որոնք գնահատվում են 16 միլիոն եվրո․ հետևաբար՝ այս կայանը ևս ժամանակավորապես կանգնեցված է»,- ոլորտում առկա խնդիրները թվարկեց մասնագետը։

Ճշգրտմանը, թե Հայաստան-Իրան երրորդ բարձավոլտ օդային գծի կառուցման աշխատանքների դանդաղումը ո՞ր կողմի թերացումն է՝ նա արձագանքեց․ «Իհա՛րկե հայաստանյան կողմի, իհա՛րկե այս փնթի իշխանությունների կողմից, որոնք ի սկզբանե, բռնազավթելով իշխանությունը, վերաիմաստավորեցին հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ամբողջ նախագիծը՝ նախևառաջ խոչընդոտներ ստեղծելով Հայաստն-Իրան օդային գծի կառուցման համարը, ինչը մեզ համար ռազմավարական նշանակություն ուներ, ապա նաև՝ 2018 թ․-ին պետք է սկսված լինեին Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման աշխատանքները, սակայն գալով իշխանության՝ նրանք հայտարարեցին, որ պետք է վերանայվի այս նախագիծը․ առայսօր վերանայվում է։ Մինչդեռ, իմ խորին համոզմամբ՝ հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքն այն կոմունիկացիան էր, որն իրապես կարող էր ճեղքել այն էներգատրանսպորտային բլոկադան, որի մեջ գտնվում ենք»։

Վահե Դավթյանը շեշտեց՝ ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման մոդելը կարող ենք ձախողված համարել, թե ինչու՝ մանրամասնեց․ «Երբ ատոմակայանը կանգնեցվում է վերանորոգման նպատակներով, ապա հիմնական գեներացիոն բեռը իրենց վրա վերցնում են ջերմաէլեկտրակայանները։ Այսօր քանի որ ջերմաէլեկտրակայանները ևս հայտնվել են չափազանց ծանր իրավիճակում՝ պայմանավորված թե՛ արտահանման քաղաքականության ձախողմամբ, և թե՛ գազի սակագների բարձրացմամբ, բնականաբար, մենք կարող ենք խոսել Հայաստանի էներգետիկ համակարգում առկա ճգնաժամի մասին։

Ինչպես է փորձում իրենց իշխանություն համարող խմբակը հաթահարել այս խնդիրը․ հայտարարվում է, որ այն պակասորդը, որը ձևավորվելու է երկրի էներգետիկ համակարգում, լրացնելու ենք Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրման ճանապարհոով։ Առաջին հայացքից՝ զուտ էլեկտրաէներգիայի սպառման և քիչ թե շատ կայուն մատակարարման տեսանկյունից՝ այո՛, սա ուղիներից մեկն է, որը կարող է կիրառվել, բայց խնդիրը պետք է դիտարկել երկարաժամկետ ռազմավարական տիրույթում։

Վրաստանն էլեկտրաէներգիա ներկրող պետություն է, և եթե մենք նայում ենք այդ երկրի էլեկտրաէներգիայի ներկրման աշխարհագրությունը և կառուցվածքը, ապա տեսնում ենք, որ դրանում առյուծի բաժինը զբաղեցնում է Ադրբեջանը, այնուհետև՝ Թուրքիան։ Ներկրում առկա է նաև Ռուսաստանից, սակայն այդ էներգիայի ամբողջ ծավալը միանգամից վերարտահանվում է Աբխազիա։ Իսկ Հայաստան էլեկտրաէներգիա արտահանելու համար Վրաստանը ստիպված է լինելու ավելացնել ներկրումն առավելապես՝ Ադրբեջանից, և մասամբ՝ Թուրքիայից»։

Դիտարկմանը, թե այդուհանդերձ 141 oրերի համար է այս լուծումը, փորձագետն արձագանքեց․ «141 oրը չափազանց երկար ժամկետ է․ ատոմակայանը երբևէ այսքան երկար ժամանակով չի կանգնեցվել։ Թե ինչու է այսքան երկար ժամանակով կանգնեցվում, պաշտոնական հաղորդագրությունների մակարդակով ասվում է՝ քանի որ ռեակտորն է թրծվում, հսկայական աշխատանքներ պետք է իրականացվեն, բայց ի սկզբանե՝ 2015 թվականին հաստատված ատոմակայանի մոդեռնիզացիայի ծրագրի համաձայն՝ այս բոլոր աշխատանքները փուլ առ փուլ պետք է բաշխված լինեին, և այսօր ատոմակայանի կանգնեցման վերջնական փուլը կընթանար ոչ թե 141 օրում, այլ էապես ավելի կարճ ժամանակահատվածում»։

Ըստ նրա՝ այս իշխանությունները ձախողել են նաև ատոմակայանի մոդեռնիզացիայի աշխատանքները ժամանակացուցային առումով՝ հիշեցրեց նաև, որ դրան նպաստել ռուսական վարկից հրաժարումը։ Նա ընդգծեց՝ էներգետիկ այս շղթան պետք է դիտարկել նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության նկրտումների տիրույթում․

«Թուրքիան նպատակ է հետապնդում մինչև 2024 թ․ կայանալու՝ որպես տարածաշրջանի առանցքային էլեկտրաէներգետիկ խաղացող, և Հայաստանն այս իմաստով դիտարկվում է՝ որպես շատ կարևոր շուկա թուրք-ադրբեջանական էներգետիկ ռազմավարության շրջանակներում` եթե անվտանգային ճարտարապետությունը տարածաշրջանում փոփոխության չենթարկվի, և եթե այս իշխանություններին ինչ-ինչ հրաշքով հաջողվի վերարտադրվել։

Նկատենք՝ USAID-ի կողմից առաջարկված Հայաստանի էնեգետիկայի զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ ՀՀ-ն պետք է էապես զարգացնի էներգետիկ առևտուրը Վրաստանի հետ՝ ձևավորելով միասնական ենթակառուցվածքներ և ապահովելով ինտեգրումը վրացական էներգետիկ շուկայի և էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների հետ՝ ներգրավելով ներդրումներ արտաքին խաղացողներից։ Հաշվի առնելով, թե ովքեր են վրացական էներգետիկ շուկայում հիմնական ներդրողները, մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ նույն Անկարան և Բաքուն նպատակ են հետապնդում ձևավորվող էլեկտրաէներգետիկ այս ենթակառուցվածքներում դերակատարում ստանձնելու և էներգետիկ ազդեցությունը նաև ՀՀ-ում տարածելու համար»։

«Կա տարածաշրջանային մեծ ռազմավարություն, որն իրականացնում են Անկարան և Բաքուն, կա այդ ռազմավարության իրականացման համար չափազանց հարմար իշխանություն, որն այսօր գործում է Հայաստանում, հետևաբար՝ հարցը քաղաքական տիրույթում է, և պետք է սպասել՝ արդյո՞ք մեր քաղաքական կոնյունկտուրան էական փոփոխություն կապրի հունիսի 20-ից հետո, թե՞ ոչ»,- եզրափակեց Վահե Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս