Քաղաքականությունն ու բիզնեսը՝ մեկ հարթակում. Խաչատուր Սուքիասյանն ընդլայնում է բիզնեսը և վերադառնում մեծ քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարար Խաչատուր Սուքիասյանը, բաց քաղաքականություն վերադառնալուց առաջ, ընդլայնում է սեփական բիզնեսը։

Բենզինի շուկայում համար տեղավորվելուց հետո, նա հիմա էլ որոշել է մտնել ավիացիոն շուկա։

Հիշեցնենք, որ Խ.Սուքիասյանն ընդգրկված է ՔՊ-ի նախընտրական ցուցակում, զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը և ըստ շրջանառվող լուրերի՝ հավակնում է Երևանի քաղաքապետի կամ փոխվարչապետի պաշտոնին։

Ժամանակին քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատելու մասին բարձրագոչ հայտարարություններ անող Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ինքն է սկսել միավորել քաղաքականությունն ու բիզնեսը։ Անիմաստ են այն հայտարարությունները, որ քաղաքականություն մտնելուց առաջ գործարարը պարտավոր է դուրս գալ սեփական բիզնեսի կառավարումից։

Այդպես է եղել նաև նախկինում. բիզնեսի և քաղաքականության համատեղումն օրենքով արգելված է։

Բայց թե այդ սկզբունքը որքանով է գործում մեր իրականության մեջ, բոլորն էլ լավ գիտեն։

Բիզնեսը քաղաքականության մեջ, առավել ևս՝ իշխանության ճամբարում, օլիգարխիայի ձևավորման հիմքն է։ Օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստն է, ով հասանելիություն և ազդեցություն է ստանում քաղաքական որոշումների կայացման վրա, կապ չունի՝ նա զբաղվա՞ծ է իր բիզնեսի անմիջական կառավարմամբ, թե՞ ոչ։

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ այլևս չկան։

Եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ իշխանության մեջ մեծահարուստներ չկային, գուցե և այդպես էր։ Բայց հիմա ժամանակները փոխվել են։ Իշխանության դիրքերը թուլացել են, իսկ գործարարների կարիքը՝ մեծացել։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանաչ լույս վառեց Խաչատուր Սուքիասյանի բիզնես գործունեության առաջ։ Թեև այնպես չէ, որ նախկին իշխանությունների օրոք նա իրեն վատ է զգացել։ Բացառությամբ մի շրջանի, Խ.Սուքիասյանը միշտ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել իշխանությունների հետ։

Նիկոլ Փաշինյանի գալուց հետո նրա հարաբերություններն իշխանության հետ մի այլ որակ ստացան։

Հիմա Խաչատուր Սուքիասյանն այս իշխանությունների ամենամտերիմ գործարարներից մեկն է, եթե ոչ՝ առաջինը։ Մի բան, ինչը, ըստ ամենայնի, բացում է բոլոր փակ դռները՝ նրա բիզնես գործունեության առաջ։

Բոլորովին վերջերս Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնը» ձեռք բերեց վառելանյութի շուկայում գործող «Ռան Օյլ» ընկերությունը։ Գործարքից հետո ընկերությունն աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը բենզինի շուկայում ու դա անում է՝ կիրառելով ցածր գնային քաղաքականություն։

«Ռան Օյլն» առաջարկում է ավելի արտոնյալ գներ, քան շուկայի խոշոր խաղացողները։

Սա, իհարկե, լավ է սպառողների համար, բայց նաև բազում հարցեր է առաջադրում։

Ինչպե՞ս է լինում, որ շուկայի խոշոր խաղացողների դեպքում գներն ավելի բարձր են, և ինչպես Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է հայտարարում՝ հիմնավորված, իսկ «Ռան Օյլի» դեպքում՝ ցածր։ Կա՞, թե՞ չկա այստեղ դեմպինգ։

Կամ գուցե կա՞ն այլ գործոններ, որոնք գնային ավելի նպաստավոր պայմաններ են ապահովում «Ռան Օյլի» համար։

Այս հարցերը, որոնք գտնվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դաշտում, առայժմ մնում են անպատասխան։

Բենզինի շուկա մտնելուց հետո՝ հիմա էլ իշխանությունների հետ ասոցիացվող գործարարն ուժերը փորձում է ավիացիայի ոլորտում։ Օրերս հայտնի դարձավ, որ «Սիլ Գրուպը» մոլդովական FlyOne ընկերության հետ համատեղ հայկական շուկայում ներկայացնելու է FlyOne ARMENIA հայկական ավիաընկերությունը, որը գործելու է՝ որպես հայկական ազգային ավիափոխադրող: Պարզվում է՝ դեռ գարնան սկզբին ընկերությունը դիմել է օդանավ շահագործելու հավաստագիր ստանալու համար։

Մայիսի 26-ին FlyOne Armenia ավիաընկերության առաջին Airbus A320 ինքնաթիռը ժամանեց Երևան՝ ընթացակարգերով պահանջվող տեխնիկական զննումներն անցնելու և գրանցում ստանալու նպատակով:

Ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ ավիաընկերության մուտքը հայկական շուկա նոր հորիզոններ կբացի մեր քաղաքացիների համար։

«Վստահ ենք, որ մեր մոլդովացի գործընկերների փորձը համադրելով «Սիլ Գրուպ» ընկերության բազմամյա, բանիմաց և փորձառու թիմի աշխատանքի հետ՝ բաց երկնքի պայմաններում միասին հասնելու ենք գերազանց արդյունքների, ապահովելու ենք աշխարհագրական առումով լայն ցանց` ավիացիոն շուկայում առաջարկելով ծառայությունների բարձր որակ և անհամեմատ ավելի մատչելի գին»,- ասում է «Սիլ Գրուպի» ներկայացուցիչ Սոնա Սողոմոնյանը։ Այլ հարց՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ։ Ժամանակին նման բազում խոստումներ են եղել, սակայն հետո կանգնել ենք նույն կոտրած տաշտակի առաջ։

Ամեն դեպքում՝ ողջունելի է, որ շուկայում հայկական ավիափոխադրող է հայտնվում։ Գուցե և դրա արդյունքում քաղաքացիները կարողանան ավելի որակյալ և մատչելի ծառայություն ստանալ։ Բայց խնդիրը դա չէ։

Այնպիսի տպավորություն է, որ բիզնեսի համար պարտադիր պայման է իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունենալը։ Նախկինում էլ կանաչ լույս ունեին և իրենց բիզնեսն ընդլայնում էին իշխանություններին մոտ կանգնած գործարարները։ Հիմա էլ նույնն է։ Դժվար է ասել՝ Խաչատուր Սուքիասյանը կմտնե՞ր բենզինի կամ ավիացիոն շուկա, եթե այդքան սերտ հարաբերությունների մեջ չլիներ իշխանության հետ։

Մենք չգիտենք՝ իր բիզնես գործունեությունն ընդլայնելիս Խ.Սուքիասյանն օգտվո՞ւմ է իշխանությունների հովանավորությունից, թե՞ ոչ։ Բայց կողքից տպավորությունը հենց այդպիսին է։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ բիզնեսը սերտաճած է իշխանության հետ։

Ինչքան էլ հայտարարվի, որ բիզնեսը Հայաստանում ազատ է ցանկացած ոլորտում գործունեություն իրականացնելու համար, միևնույն է, դա շատ հարաբերական է։ Միշտ էլ կգտնվեն միջոցներ՝ արտոնյալ հնարավորություններ ստանալու, ոչ ցանկալիներից ազատվելու կամ նրանց մուտքը շուկա խոչընդոտելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս