«Հայտնի կդառնա, թե մեր տարածքային կորուստներն ինչի արդյունքում են եղել». Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծնունդով Հադրութի շրջանի Ազոխ գյուղից է, որը վերջին պատերազմի արդյունքում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Իսկ պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ լսել ենք՝ Հադրութը հանձնվել է:
168.am-ը փորձեց հադրութցի գեներալից հետաքրքրվել՝ իր համար պա՞րզ է, թե ինչպես ենք կորցրել Հադրութը՝ քաղաքը, Հադրութի շրջանի բնակավայրերը:
«Մենք Հադրութը չենք կորցրել, կվերականգնենք: Ռազմական գործում «կորցնել» ասվածը չի լինում, դա լինում է այլ ոլորտներում: Այսինքն, ռազմական գործողությունների ընթացքում լինում են տարածքային կորուստներ, սակայն մենք երբեք այդ մտքի հետ չենք համակերպվի և համապատասխան միջոցներ կձեռնարկենք ու մեր հայրենիքը կվերականգնենք: Եվ ես առաջինն եմ այդ շարքերում»,- նշեց նա:
Հակադարձմանը՝ ամեն դեպքում հասկանալի՞ է՝ ինչու Հադրութը մեր վերահսկողության տակ չէ՝ կորցնելու կամ հանձնման արդյունքում, գեներալ Ասրյանը պատասխանեց.
«Այդ հարցին պատասխանեմ՝ կա ստեղծված համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է քննություններ, վերլուծություններ և դրանցից արդեն հայտնի կդառնա, թե մեր տարածքային կորուստներն ինչի արդյունքում են եղել: Նշեմ՝ դա ռազմական հանձնաժողով է, որովհետև քաղաքական հանձնաժողովը չի կարող որոշել տարածքային կորուստների հետ կապված հարցեր»:
Հավելենք, որ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ ԶՈՒ-ում քննարկումներ, վերլուծություններ ու համապատասխան հետևություններ էին կատարվել ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ: Սակայն Փաշինյանի իշխանությունը որոշեց քաղաքական հանձնաժողով ստեղծել, որի ուսումնասիրության անգամ թույլատրելի հատվածները չներկայացվեցին հանրությանը:
Ինչ վերաբերում է վերջին պատերազմին, նշենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր նախաձեռնությամբ ԳՇ-ում մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվել, որը, ի դեպ, մինչ օրս ԱԽ նիստին չի ներկայացվել, թեպետ մարտի վերջին պետք է արդեն ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը ներկայացներ: