«Մեր 6 գերիների մասին բոլորն ավելի շատ են մտածում, ես ավելի շատ եմ մտածում, կներեք, քան՝ դուք». Պաշտպանության փոխնախարարը՝ լրագրողներին
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ պետության, բանակի շուրջ համախմբվելու կոչ էր անում։
«Եթե մենք բոլորս ծառայում ենք ՀՀ-ին, հետևապես պետք է մեկ նպատակ ունենանք՝ չթուլացնել մեր բանակը։ Ադրբեջանի կողմից մեծ քանակով ապատեղեկատվություն է շրջանառվում, խնդրում եմ, դա որպես խայծ որևէ մեկը չընդունի։ Ինչ-որ անհրաժեշտ է, Պաշտպանության նախարարությունը թույլատրելիի սահմաններում ներկայացնում է, մեր 6 գերիների մասին բոլորն ավելի շատ են մտածում, ես ավելի շատ եմ մտածում, կներեք, քան՝ դուք։ Սրանք այնքան նուրբ հարցեր են, որոնց տրված պատասխանները կարող են մանիպուլյացվել»,- շեշտեց Արման Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ Պաշտպանության նախարարությունը հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում է։
«Մեր բանակն ամեն ինչ իրականացնում է, որպեսզի սադրանքների չտրվի։ Թշնամու նպատակների մասին բազմիցս խոսվել է։ Մեր կողմից իրականացվում են բոլոր քայլերը, այդ թվում՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի չկրկնվեն նման դեպքեր, և ամեն ինչ իրականացվում է, որպեսզի գերեվարված զինծառայողները վերադառնան հայրենիք»,- հավելեց պաշտպանության փոխնախարարը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Սյունիքում իրավիճակը նորմալ է, այսինքն՝ Գեղարքունիքում տեղի ունեցած միջադեպերի նման միջադեպ այնտեղ չի կատարվել։
Հիշեցնենք, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածից թշնամին գերեվարել է 6 հայ զինծառայողների։