Կութ գյուղում լրագրողներին արգելում են նկարահանել` Փաշինյանի ֆեյսբուքյան լայվն ապահովելու համար

Այսօր 168.am-ի նկարահանող խումբն այցելել էր Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ՝ ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Մեր թղթակիցը հայտնում է, որ իրենց թույլ չեն տվել նկարահանումներ կատարել, կայազորի պետի տեղակալ գնդապետ Հայկ Պետրոսյան ներկայացած անձը հորդորել է դիմել Գլխավոր շտաբ:

«Կութ գյուղի սկզբնամասում ծառայություն են իրականացնում ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք արգելեցին մեր և առհասարակ լրագրողների մուտքը Կութ գյուղ՝ պատճառաբանելով, որ իրենց այդպես է հրահանգված, ասացինք, որ սահմանային հատվածում նկարահանում չենք իրականացնելու, հանդիպելու ենք գյուղապետի հետ, սակայն ևս մեկ անգամ ընդգծեցին, որ խստիվ արգելվում է լրագրողների մուտքը»,- հայտնեց մեր թղթակիցը:

Ավելի ուշ մեր նկարահանող խմբին էին մոտեցել ոստիկանության աշխատակիցներ  և ասել, որ վարչապետի անվտանգության ծառայությունից են փոխանցել՝ լրագրողներին հորդորել հեռանալ տարածքից և նկարահանումներ չիրականացնել:

Այս զգուշացումից հետո Կութ գյուղ է ժամանել Նիկոլ Փաշինյանը:

Փաստորեն՝ լրագրողներին արգելում են նկարահանումներ կատարել գյուղում, որ կարողանան ապահովել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը:

Տեսանյութեր

Լրահոս