Տարոն Աճեմօղլուն քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը պոպուլիզմի համար
Պոլսահայ հայտնի տնտեսագետ ամերիկաբնակ Տարօն Աճեմօղլուն թուրքական «T24» լրատվակայքին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի տնտեսության խնդիրներից ու առաջիկա ռիսկերից:
Թուրքիայում երիտասարդ տարիքային խմբում աճող գործազրկության մասին հարցին պատասխանելիս՝ Աճեմօղլուն ասել է, որ Թուրքիայում այդ խնդիրը միշտ եղել է՝ բացառությամբ 2000-2006թթ. երբ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին ու երիտասարդների համար հեռանկարներ բացվեցին:
Ըստ տնտեսագետի՝ դրա հետևանքով երիտասարդների մեջ ձևավորված ակնկալիքներին հատկապես վերջին 5 տարում պետությունը այլևս չի կարողանում համարժեք արձագանքել: Աճեմօղլուն նշել է, որ դրա պատճառը Թուրքիայի տնտեսության ոչ արդյունավետ զարգացումն է, ինչն էլ իր հերթին գալիս է տնտեսության ոչ բավարար արտադրողականությունությունից: Թուրքիան իր հնարավորությունները չի կարողանում ճիշտ օգտագործել:
«Եթե Թուրքիան իր հնարավորությունները սկսի ճիշտ օգտագործել, կարող է ավելի շատ աշխատատեղերի, ավելի լավ աշխատավարձերի ու ավելի արդյունավետ աճի հնարավորություններ գտնել»,- ասել է Աճեմօղլուն:
Վերջինս քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը երկիրը նորից ազգայնական ու պոպուլիստական գիծ մտցնելու համար՝ նշելով, որ սա բազմաթիվ տնտեսական խնդիրներ կառաջացնի, ինչպես որ առաջացրել էր 1990-ականներին:
Հարցին, թե Թուրքիայի տնտեսության մեջ նկատվող ճգնաժամը արդյոք կարող է խորանալ, Աճեմօղլուն դրական է պատասխանել: Ըստ նրա՝ Թուրքիայում հատկապես մեծ խնդիրների առաջ են կանգնած մեծ առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող առանձին խանութները, շինարարական ընկերությունները, խնդիրներ կան ռեզերվների աստիճանական նվազման, տարադրամի փոխարժեքի ու բանկային տոկոսների հետ կապված:
«Այս ցուցանիշներով ավելի նեգատիվի գնալու հավանականություն կա: Այս խնդիրնեևրը միայն Թուրքիային չեն հատուկ, այլ տեղերում էլ կան, սակայն որտեղ էլ, որ դրանք ի հայտ են գալիս դրանց տակ սխալ կառավարումն է ընկած»,- ասել է աշխարհում ամենաշատ մեջբերվող տնտեսագետը: