«Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել. գնալով ավելի կարող է լարվել». Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

Վաղ առավոտյան ադրբեջանական աղբյուրներից հանրությունը տեղեկացավ Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից 6 հայ զինծառայողի գերեվարվելու մասին: Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հաստատեց տարածված տեղեկությունը, հրապարակեց նաև գերեվարված զինծառայողների անունները:

Կառավարության նիստի ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե գերիների վերադարձի հարցով այժմ բանակցություններ են ընթանում, ու սահմանի՝ արդեն իսկ լարված իրավիճակը ամեն պահի կարող է ավելի լարվել:

«Իրավիճակը սահմանի այդ հատվածում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ: Իհարկե, կա լարվածություն, որովհետև 12-ից սկսած, հատկապես մայիսի 13-ից, մենք գիտենք, որ Կութ և Վերին Շորժա բնակավայրերի հարակից հատվածում ունենք ադրբեջանական բանակի ներկայացուցիչներ, որը մեր սուվերեն տարածքն է, և ակնհայտ է, որ նրանք խախտել են մեր սահմանը: Կա, լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել… Համամիտ եմ ձեզ հետ, որ գնալով ավելի կարող է լարվել, որովհետև իրավիճակը անընդհատ չի կարող այսպես շարունակվել: Մարդիկ են, զինվորներ են, նյարդեր են, անընդհատ կարող է ինչ-որ միջադեպ տեղի ունենալ, որը կարող է նաև անկանխատեսելի հետևանքների բերել»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը:

Սանոսյանը նշեց, թե այս պահի դրությամբ Կութ և Վերին Շորժա բնակավայրերի բնակիչներին տարհանելու կարիք չկա, քանի որ միջադեպը տեղի է ունեցել սահմանի և  ոչ թե բնակավայրերին մոտ հատվածում: Այդուհանդերձ մարզպետը նշեց, որ մարզի բնակիչների շրջանում կա անհանգստություն:

«Իհարկե, կա անհանգստություն, բոլորի շրջանում կա»:

Մարզպետի խոսքով՝ վերջին 1.5 ժամվա ընթացքում սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություն չունի, քանի որ մասնակցում էր կառավարության նիստին, որի դռնփակ հատվածում, ինչպես հայտնեց Սանոսյանը,  քննարկվել են Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին առնչվող հարցեր, ստացել են հանձնարարականներ:

Մարզպետը նաև ասաց, թե ունեն հստակ տեղեկություն Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանցի զինվորականների թվի մասին, բայց չհրապարակեց թիվը:

«Մենք ինֆորմացիային տիրապետում ենք ամբողջությամբ, գիտենք՝ որտեղ են, քանի հոգի են, տեղաշարժը գիտենք: Երբեմն դա փոխվում է, վայրեր կա, որտեղ… մի շարք վայրերում նոսրացել է նրանց թվաքանակը, բայց կարծում եմ, որ ճիշտ չի հիմա թվաքանակ հրապարակել»,- ասաց Սանոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս