«Ինքներս մեզ չենք պաշտպանում ու ակնկալում ենք, որ ուրիշը գա պաշտպանի, ու մի բան էլ մուննաթ ենք գալիս». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Գեղարքունիքում հայ պայմանագրային զինծառայողներին թշնամին  գերեվարել է այն հատվածներում, որոնք հայկական են: Պետական սահման, որպես այդպիսին, չկա։

«Որքան էլ փորձենք ասենք՝ պետական սահման և այլն, իներցիայի ուժով ենք ասում, իներցիայի ուժով այդ սահմանները մերն են, մեր տարածքում են։ Հիմա ստացվում է, որ մեզ մեր տարածքում գերեվարել են։ Սա շատ վտանգավոր է, ու ես չգիտեմ՝ սրա նպատակը ո՞րն է, ու հետևանքներն ի՞նչ է լինելու։ Ակնկալում եմ, որ Պաշտպանության նախարարությունը պետք է պարզաբանումներ տա շատ մանրամասն, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել, և ինչո՞ւ մենք համապատասխան գործողություններ չենք իրականացնում»,- Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Թագուհի Թովմասյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ անկախ պատգամավորներով քննարկել են, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ հրավիրեն, որտեղ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներից կփորձեն պարզաբանում ստանալ։

Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ներկայացրած այն պատճառաբանությանը, թե գուցե ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունն է եղել այս ամենի պատճառը, Թագուհի Թովմասյանը նկատեց՝ կա մեկ ճշմարտություն, եթե մարդը չի ուզում իրեն պաշտպանել, որևէ մեկը դա չի անի նրա փոխարեն։

«Եթե մենք դիմենք ՀԱՊԿ, ՄԱԿ և այլ կառույցների, որևէ բան մեզ չի կարող օգնել, եթե մենք մեր պաշտպանության համար չենք իրականացնում անհրաժեշտ քայլեր։ Այս ամենը ծիծաղելի է դառնում՝ ինքներս մեզ չենք պաշտպանում ու ակնկալում ենք, որ ուրիշը գա պաշտպանի, ու մի բան էլ մուննաթ ենք գալիս։ Կարծում եմ՝ սա տեղին չէ, և եթե այստեղ կա թիվ մեկ թիրախ, ապա ՀՀ զինված ուժերի անկազմակերպվածությունն է։ Գլխավոր շտաբի պետը պետք է ենթարկվի պատասխանատվության այսօրվա մեր սահմանների անձեռնմխելիությունը խախտելու համար, նա պիտի պատասխանատվություն կրի, որ թշնամին ներթափանցել է մեր սահմաններից ներս, նա պատշաճ չի իրականացնում իր պարտականությունները։ Ըստ իս, իշխանության ձեռագիրն է՝ իրենց մեղքը բարդել ուրիշների վրա, բոլորը մեղավոր են, բացի իրենցից»,- հավելեց պատգամավորը։

Նա նաև հիշեցրեց, որ երբ բարձրաձայնում էր սահմանային անվտանգության հարցը, այսօր տեղի ունեցողն իր համար տեսանելի էր, որովհետև թշնամու առջև մարդիկ բացել են ոչ միայն իրենց սրտերն ու հոգիները, այլև դռները։

«Մենք կահավորված առաջնագիծ չունենք և չունեինք, ու դրա համար մենք ունենք խոցելի սահմաններ։ Այն ժամանակ պետք է հետևություններ անեին, այլ ոչ թե մուննաթ գային, թե ես թշնամուն կոորդինատներ եմ տալիս։ Հրաման չեն տվել դիրք կահավորել, ի՞նչ նպատակ է հետապնդում, որ հրաման չեն տվել՝ սա ամենագլխավոր հարցն է»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածից թշնամին առևանգել է 6 հայ պայմանագրային զինծառայողների։

 

Տեսանյութեր

Լրահոս