Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը հավելյալ ջանքեր պահանջող խնդիրներից է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ համանախագահների դերակատարության կարևորությանը, ինչպես նաև առանձնացրել է հավելյալ ջանքեր պահանջող խնդիրները:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները զբաղվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի հիմնախդնրի կարգավորմամբ: Դա ամրագրված է ԵԱՀԿ իրենց մանդատով: Ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների եռյակն ընդգծել է «վերջնական, համափարփակ և կայուն կարգավորման հասնելուն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Այս առումով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվել առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակով` համանախագահների հովանու ներքո»»,- հիշեցրել է Զախարովան:

Վերջինս նշել է այն հարցերը, որոնց «կարգավորումը հավելյալ ջանքեր է պահանջում»: «Դրանց թվում են ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը` միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղի հասանելիության հարցում սահմանափակումների վերացումը, այդ թվում` միջազգային հումանիտար կազմակերպությունների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը, հակամարտությունից տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության և մարդկանց միջև վստահության ամրապնդման խրախուսումը»,- հավելել է դիվանագետը:

Զախարովան շեշտել է, որ հենց «համանախագահների ձևաչափի շրջանակում պետք է տեղի ունենա ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորումը»:

Տեսանյութեր

Լրահոս