«ԱՄՆ-ում իմ դեսպան նշանակվելու հաստատումը կա, բայց որոշում կկայացվի միայն ընտրություններից հետո». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու հարց այս պահին չեն քննարկել։
«Ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու վերաբերյալ որևէ քննարկում այս պահին չկա, հուսանք, նման առիթ չի լինի, և պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի»,- նշեց իշխանական խմբակցության ղեկավարը։
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի և Արտակ Մանուկյանի հայտարարությանը ՔՊ նախընտրական ցուցակում չընդգրկվելու մասին, և, որ Ֆեյսբուքում տարածված երկու պատգամավորի հայտարարության տեքստը նույնական էր, Լիլիթ Մակունցը ենթադրեց, թե գուցե միմյանց հետ խորհրդակցել են։
«Երկու պատգամավորները որոշել են չընդգրկվել ՔՊ ցուցակում, հարգում եմ իրենց որոշումը, նրանք մեր շատ արժեքավոր ու լավ գործընկերներն են։ Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց նրանք թիմի անդամ են։ Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանին, ապա նա նախընտրական ցուցակում չի լինելու, դա նույնպես իր անձնական որոշումն է, իսկ հավելյալ տեղեկությունների համար դիմեք պարոն Ավինյանին։ Նրա դեսպան նշանակվելու հետ կապված անձամբ որևէ լուր չունեմ, ինչ վերաբերում է ինձ, ապա ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հաստատումը կա, բայց որոշում կկայացվի միայն ընտրություններից հետո»,- հավելեց Լ. Մակունցը։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը նույնպես նախընտրական ցուցակում չի ընդգրկվել, Լիլիթ Մակունցն ասաց, որ տեղյակ չէ պատճառների մասին։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառո՞վ Հայկ Մարությանը ցուցակում չի ընդգրկվել, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ նման տեղեկատվություն չունի։
Միևնույն ժամանակ ընդգծեց, որ կլինեն այլ պատգամավորներ ևս, որոնք նախընտրական ցուցակում չեն ընդգրկվի: Իշխանական խմբակցության ղեկավարը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը։