Այդ պարտքն այս իշխանությունները թողնելու են հաջորդ իշխանությունների և մեր սերունդների ուսերին․ Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքը նախաձեռնել է հերթական քննարկումը, այս անգամ՝ Հայաստանի տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ։
«Նախորդ քննարկումը, որը կազմակերպել էինք, վերաբերում էր անվտանգային հարցերին. Մենք բանախոսների հետ փաստեցինք, որ այսօր ՀՀ-ն գտնվում է լրջագույն անվտանգային ճգնաժամում, ունենք խարխլված անվտանգային համակարգ, և այն պետք է օր առաջ վերականգնվի և մեր հայրենակիցներին տրվի երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ, բայց անվտանգային միջավայրը վերականգնելու համար մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է ունենանք զարգացած տնտեսություն, մրցակցային տնտեսություն, որպեսզի այն ֆինանսները, որոնք կգեներացվեն տնտեսության աշխատանքի արդյունքում, դրանց մի մասը նաև կօգտագործվի անվտանգային միջավայրի վերականգնման և վերազինման համար»,- քննարկման մեկնարկի իր խոսքում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա ամփոփեց 2018 թ․ հայտնի իրադարձություններին հաջորդած երեք տարիները՝ նկատելով, որ «հեղափոխությունից» հետո իշխանության եկած մարդիկ, որոնք խոստացել էին աշխատավարձերի և թոշակների բարձրացում, կախարդական փայտիկի միջոցով փոխել ՀՀ տնտեսությունը, լրիվ հակառակ արդյունքն արձանագրեցին․
«Աշխատավարձերի և թոշակների էական բարձացում չեղավ, մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պարտքն ավելացավ շուրջ մեկ միլիարդ դոլարով, և այդ գումարներն օգտագործվեցին բացառապես անարդյունավետ։ Դա ոչ միայն իմ գնահատականը չէ, դա շատ մասնագետների գնահատականն է, և այդ մեկ միլիարդ դոլարը այս իշխանություններն օգտագործեցին թոշակներ և աշխատավարձեր բաժանելու համար։
Մեր ժողովրդին ավելի պարզ բացատրելու համար կուզեի մեկ օրինակ բերել՝
Մենք այսօր ունենք ավելացված մեկ միլիարդ դոլարից ավել արտաքին պարտք, որը չի օգտագործվել որևէ հավելյալ արժեք ստեղծելու համար, և այդ պարտքը այս իշխանությունները թողնելու են հաջորդ իշխանությունների ուսերին և մեր սերունդների ուսերին»։
Մանրամասները՝ տեսանյութում