Երբեք ռազմական համագործակցությունը մի երկրի հետ, որն ի վիճակի չէ կամ չի կարողանում ինքն իրեն պաշտպանել, չի հանգեցնում դրական արդյունքների. Զատուլին

«Ինձ թվում է, որպեսզի նման գաղափարները լրջորեն ընդունվեն` պետք է լինի ներքին կոնսենսուս Հայաստանում»,- այս մասին այսօր SputnikArmenia-ի եթերում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա սկսելու անհրաժեշտության և հայ-ռուսական քաղաքական օրակարգի ակտուալ հարցերի շուրջ:

Նա նշեց, որ դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելու թեմային անդրադառնալը բարդ է, քանի որ այդ հարցին պատասխանելու համար հարկավոր է ծանոթ լինել ողջ պատկերին, այդ թվում՝ բանակցություններին:

Զատուլինի կարծիքով՝ ներկայումս ցանկացած լուրջ որոշում, որը պետք է կայացնի Հայաստանը, այդ թվում՝ սահմանի հետ կապված, Հայաստանի ներսում մշտապես դիտարկվելու են անքթիթ, ծայրահեղ կերպով, քանի որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններով թելադրված քաղաքական իրավիճակը՝ քաղաքական պայքարի սրությամբ, հնարավորություն չի տալիս լրջորեն, օբյեկտիվ, անաչառ դիտարկել տեղի ունեցողը, քանի որ իրականում ՀՀ կառավարության նկատմամբ հասարակության էական մասի վստահությունը բացակայում է:

Խոսելով հայ-ռուսական ռազմական համագործակցությունից՝ ռուս խորհրդարանականն ասաց, որ այն եղել է, կա ու կլինի, և այն ամրագրված է պայմանագրերով:

Նա վստահեցնում է, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը զարգանալու է:

«Բայց կրկին ես այստեղ կցանկանայի մեկ բան ասել, որը գուցե ինչ-որ մեկի համար վիրավորական թվա, բայց երբեք ռազմական համագործակցությունը մի երկրի հետ, որը ի վիճակի չէ կամ չի կարողանում ինքն իրեն պաշտպանել, չի հանգեցնում դրական արդյունքների: Ոչ մի սպառազինություն՝ նույնիսկ ամենաժամանակակիցը, ինքն իրեն չի կրակում, և երկրին տրվող պաշտպանական աջակցությունը չի կարող արդյունավետ լինել, եթե չկա համաձայնություն ՀՀ-ի ներսում, եթե կա իրավիճակ, որի ականատեսն ենք այսօր ՀՀ-ի ներսում»,- ասաց Զատուլինը:

Հարցին, թե հայ-ռուսական խորացող համագործակցությունը կարո՞ղ է հանգեցնել Հայաստանի միացմանը ՌԴ-ին հանրաքվեի միջոցով, որքանո՞վ է իրատեսական նման սցենարը, Զատուլինը պատասխանեց, որ շատերը դիմում են իրեն ՌԴ-ից, ՀՀ-ից և  ամենառադիկալ տեսակետներն են արտահայտում այն մասին, որ ԼՂ-ն և ընդհանուր առմամբ ողջ Հայաստանը պետք է նման իրավիճակում «ծածկվի» վտանգից ՌԴ կազմում, դա պայմանավորված է այն եզրահանգումների հետ, որոնք մարդիկ արել են անցյալ տարի տեղի ունեցածից:

«Ինձ թվում է, որ մենք պետք է սթափ ու առողջ վերաբերվենք դրան, ի թիվս դա ցանկացողների, կան նաև նրանք, որոնք ակնհայտորեն դա չեն ցանկանում, հույս ունեն, որ Հայաստանի անկախ ուղին կշարունակվի: Մենք պետք է հարգենք ՀՀ ժողովրդի կարծիքը, այդ կարծիքը կարող է արտահայտվել տարբեր կերպ: Ինձ թվում է, որպեսզի նման գաղափարները լրջորեն ընդունվեն, պետք է լինի ինչ-որ ներքին կոնսենսուս Հայաստանում, և  քիչ հավանական է, որ ներքին կոնսենսուս կլինի առանց քաղաքական ուժերի դասավորությունը հստակեցնելու հունիսի 20-ին նշանակված ընտրությունների միջոցով»,- պարզաբանեց Զատուլինը:

Տեսանյութեր

Լրահոս