Մաշեցնելու ենք մինչև քոքը. Ռոբերտ Քոչարյանը՝ իշխանության ձայների մասին
«Հայաստան» դաշինքի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսի ընթացքում այսօր ՀՀ երկրորդ նախագահը, ի պատասխան լրագրողների հարցին, անդրադարձավ նաև Հայաստանում իրականացվող հարցումներին ու այդ հարցումների ընթացքում ստացվող տվյալներին, մասնավորապես՝ իշխող «Իմ քայլի» վարկանիշին:
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ բոլոր այդ հարցումներն իրականացվում են հեռախոսազանգերի միջոցով, իսկ հեռախոսային հարցումները, ըստ նրա, սովորաբար ամբողջությամբ արժանահավատ են այն երկրներում, որտեղ չկա ներքին այնպիսի բևեռվածություն, որն այժմ առկա է Հայաստանում, ու այդ երկրների հասարակությունները բնորոշվում են՝ որպես ներքին բարձր վստահության մակարդակ ունեցող հասարակություններ:
«Հիմա, երբ մեկ «լայք»-ի համար մարդուն հեռացնում են աշխատանքից, եթե մարդն աշխատում է բյուջետային ոլորտում, եթե անմիջապես հարազատների, բարեկամների վրա ճնշումներ են սկսում գործադրել, Դուք ո՞նց եք պատկերացնում… Կա մի ստվար զանգված, որոնք չեն ուզում իրենց կարծիքը հայտնել, որովհետև մտածում են, որ ճնշումների տակ կհայտնվեն»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Խոսելով գործող իշխանության վարկանիշի մասին, Ռոբերտ Քոչարյանը նշեց.
«Մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի: Բայց մենք նաև վստահ ենք, որ ունենալով 25-30%՝ խորհրդարանում հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և ձևավորել կառավարություն, եթե քո հետ չլինեն այլ ուժեր, որոնք պատրաստ են քո հետ համագործակցել: Սա էլ է փաստ:
Դեռ ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ քաղաքական ուժ, որը նույն դաշտից է, պատրաստ է դավաճանների հետ համագործակցել, և որը կարող է անցնել խորհրդարան: Այսօրվա վիճակով ենք մենք խոսում: Հետևաբար՝ բավական հստակ է իրավիճակը, որ նույնիսկ, եթե այդ 30%-ը չհաջողվի մաշեցնել՝ մինչև հասնի 20%-ը, այդ քաղաքական ուժն ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն և վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա: Սա ակնհայտ է: Բայց ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոքը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում